Հովիկ Աբրահամյանի որդու գործով նոր հարցաքննություն է եղել, Ինչու է ՔՊ-ն «դիվոտել»․ Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պաշտպանության նախարարությունում շարունակվում են կադրային փոփոխությունները, և, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, դրանց արդյունքում համակարգից հեռանում են նաև ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ մտերիմ հարաբերություններ ունեցող մի շարք պաշտոնյաներ։

Մասնավորապես, նախօրեին պաշտոնից ազատվել է Ռազմական ոստիկանության վարչության պետ Աշոտ Զաքարյանը, ում փոխարեն ոստիկանության գեներալ Արամ Հովհաննիսյանը նշանակվեց։ Զաքարյանը Անդրանիկ Քոչարյանի մտերիմներից է և նրա հետ ունեցել է ընկերական հարաբերություններ։

Սակայն սա միակ փոփոխությունը չէ։ Երեկ ավարտվեց նաև պաշտպանության նախարարի խորհրդականներ Մելիքսեթ Պողոսյանի և Ռազմիկ Պետրոսյանի պաշտոնավարումը։ Նրանք ևս երկար տարիներ համարվել են Քոչարյանի մերձավոր շրջանակի ներկայացուցիչներ։

Հատկանշական է, որ ՊՆ-ից հեռանալուց առաջ Մելիքսեթ Պողոսյանը և Ռազմիկ Պետրոսյանը պարգևատրվել են գերատեսչական մեդալներով։ Այսինքն՝ նրանց պաշտոնավարման ավարտը տեղի է ունեցել ոչ թե սկանդալային հեռացման, այլ համակարգից դուրս գալուն նախորդած պարգևատրման ֆոնին։ Հիշեցնենք, որ Մելիքսեթ Պողոսյանը Սյունիքի նախկին մարզպետն է, իսկ Ռազմիկ Պետրոսյանը՝ Ապարանի նախկին քաղաքապետն է, Արագածոտնի նախկին մարզպետը և ռազմական կրթություն չունի։

Այդուհանդերձ, ՊՆ-ում տեղի ունեցող կադրային փոփոխությունների ընդհանուր պատկերը ուշագրավ է։ Մասնավորապես, Սուրեն Պապիկյանի ղեկավարած գերատեսչությունում մեկը մյուսի հետևից ավարտվում է այն պաշտոնյաների պաշտոնավարումը, որոնք այս կամ այն կերպ կապվել են ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ, այժմ շարքային պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հետ»։

 

«Հրապարակ» թերթը գրում է. 

Օգոստոսի 2-ից մեկնարկած 9-րդ գումարման խորհրդարանի նիստերը դեռ մինչեւ ամսվա վերջ կձգվեն ԱԺ մշտական հանձնաժողովների ձեւավորումից հետո խորհրդարանը, ըստ կանոնակարգ օրենքի, պետք է քննի նաեւ կառավարության ծրագիրը․ Սահմանադրությամբ վարչապետը նշանակվելուց հետո 20-օրյա ժամկետում, պարտավոր է կառավարության ծրագիրը ներկայացնել խորհրդարանին։

Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 2-ին է նշանակվել վարչապետ, ուստի մինչեւ օգոստոսի 22-ը պետք է կառավարության ծրագիրը ներկայացնի, եւ այն քննարկվի։ Որոշ տեղեկություններով՝ այս փաստով է նաեւ պայմանավորված ՔՊ-ականների դիվոտած պահվածքն ընդդիմության հանդեպ, որոշել են ընդդիմության վախը բռնել, խելոքացնել` մինչեւ կառավարության ծրագրի քննարկումը, որպեսզի Նիկոլ Փաշինյանը հնարավորինս մեղմ ու կոմֆորտ պայմաններում իր ծրագիրը «կերցնի ժողջանին»։

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակում։ Մասնավորապես, ArmLur.am-ին հասած տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտե են հրավիրել և հարցաքննել ԱԱԾ մեկուսարանում գտնվող Գագիկ Ծառուկյանի դստերը՝ Էմմա Ծառուկյանին։ Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին նրա ցուցմունքների բովանդակությունը չենք հրապարակում։

ArmLur.am-ը ավելի վաղ հայտնել էր, որ քնիչը դատարանից պահանջել և ստացել էր սպանված հոգևոր հովիվ Սողոմոն Վլասյանի հեռախոսը։ Հեռախոսում առկա են եղել նամակագրություններ և տարբեր խոսակցություններ Սողոմոն Վլասյանի ու նրա կողմից հաղորդություն ստացած անձանց միջև։

Հիշեցնենք՝ 2023 թվականի ապրիլի 30-ին Երևնում՝ Մյասնիկյան 2 հասցեի շենքի մոտ, հրազենային կրակոցներով սպանվել է «Ավետարանի հավատքի քրիստոնյաներ» կրոնական կազմակերպության հոգևոր հովիվ Սողոմոն Վլասյանը։ Սպանությունից ավելի քան երեք տարի անց քրեական գործը նոր շրջադարձ է ստացել։

Օգոստոսի 8-ին ԱԱԾ աշխատակիցները ձերբակալել են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդուն՝ Արգամ Աբրահամյանին, իսկ օգոստոսի 9-ին նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Ըստ Քննչական կոմիտեի՝ անձնական շարժառիթ է եղել, և Աբրահամյանը որոշել է Վլասյանին սպանել ոչ թե անձամբ, այլ իր անվտանգության աշխատակից Գեղամ Հակոբյանի միջոցով։

Աբրահամյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-րդ և 155-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով՝ պատվերով սպանություն կատարելուն դրդելու համար»։

Leave a comment