Ալեն Սիմոնյանի գրառումը՝ քննարկման թեմա

Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանի գրառումը՝ քննարկման թեմա

Սա փողոցային խոսույթ է․  ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ Արման Գրիգորյանը կտրուկ է արձագանքում  ԱԽ նորանշանակ քարտուղար Ալեն Սիմոնյանի Ֆեյսբուքյան գրառմանը։ Վերջինս օգտագործել էր վիրավորական ձևակերպումներ՝ ընդդիմադիր պատգամավորների հասցեին։

Արման Գրիգորյանի  խոսքով՝ նման հայտարարություններին արձագանքելը  իր համար ընդունելի չէ՝  «անգամ ամոթ է»։

Ըստ նրա՝ նման խոսույթ ունեցող մարդիկ ոչ միայն չպետք է տեղ ունենան երկրի քաղաքական վերնախավում, այլ նաև «տանից չպիտի դուրս գան»։

 «Ա1+»-ի հետ զրույցում քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը   հռետորական հարց է բարձրացնում՝  ինչու նման խոսույթն ընդունելի չպետք է համարվի Ալեն Սիմոնյանի դեպքում, եթե 2021 թվականից սկսած նման բառապաշարով է արտահայտվում գործող վարչապետը։

Նրա կարծիքով՝ Սիմոնյանի խոսույթը համապատասխանում է այն քաղաքական միջավայրին, որը ձևավորվել է իշխանության ներսում։ Ալեն Սիմոնյանը, ըստ Մաթևոսյանի, իրեն պահում է անմիջական ղեկավարի՝ Նիկոլ Փաշինյանի նման։

Ալեն Սիմոնյանն  ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչներին անվանել էր «մանկապարտեզի սաներ» և «փոքրիկ ծաղրածուներ»՝ նշելով, որ «ոչ միայն իրենց, այլ առաջին հերթին իրենց օտարերկրյա գործակալ անգրագետ շեֆերին է տրորելու»։

Արդյո՞ք սա չի հակասում իշխանության առանց վիրավորանքների աշխատելու առաջարկին։

Բենիամին Մաթևոսյանը կասկած է հայտնում իշխանության և ընդդիմության միջև ԱԺ-ում փոխադարձ վիրավորանքներից խուսափելու վերաբերյալ հնարավոր պայմանավորվածությունների արդյունավետության հարցում։

«Ես մարդկայնորեն չեմ հասկանում՝ ինչի շուրջ կարելի է պայմանավորվել այս իշխանությունների հետ։ Իշխանությունն է հենց այդ պայմանավորվածությունը դրժելու», – ասաց նա։

Leave a comment