«Ավելի քան դռնփակ»․ Հակակոռուպցիոն դատարանում հայտնվել է մի գործ, որում չկան ո՛չ հայցվորի, ո՛չ պատասխանողի անունները

Հասարակություն

17.08.2026 | 17:50

Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում հայտնվել է նոր քաղաքացիական գործ, որը դռնփակ է և դրանում փակված են նաև հայցվորի և պատասխանողի տվյալները։ Քաղաքացիական գործերն այս դատարանում վերաբերում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանը կամ պետական շահերի պաշտպանության համար ներկայացված հայցերին։ Գործին տրված է հերթական համար՝ ՀԿԴ/0191/02/26 , այն մակագրված է դատավոր Նարինե Ավագյանին։

Նկատի ունենալով, որ նիստը դռնփակ է՝ գործի վերաբերյալ տեղեկատվությունը սահմանափակված է, ուստի՝ մանրամասներ տեսնել չենք կարող։ Սակայն եթե անգամ նիստը դռնփակ է՝ հայցվորի և պատասխանողի տվյալները, սովորաբար, բաց են լինում։

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման, ինչպես նաև պետական շահերի պաշտպանության համար ներկայացված հայցադիմումները  դատարանում քննվում են Քաղաքացիական դատավարության օրենսգրքով։

Քաղաքացիական դատավարության օրենսգրքի՝ դատական նիստի հրապարակայնությանը վերաբերող դրույթներով որևէ կարգավորում առկա չէ հայցվորի կամ պատասխանողի տվյլալները չհրապարակելու վերաբերյալ։ Ավելին՝ սահմանվում է, որ եթե անգամ դատական վարույթը կամ դրա մի մասը դռնփակ է անցնում, դատական ակտի եզրափակիչ մասը հրապարակվում է՝ բացառությամբ այն դեպքերի, երբ այն պարունակում է օրենքով պահպանվող գաղտնիք:

Դատական դեպարտամենտից հետաքրքրվեցինք, թե ինչու են ՀԿԴ/0191/02/26 գործով հայցվորի և պատասխանողի տվյալները փակված, ինչին ի պատասխան նշեցին, որ իրականում Դատարանում նման գործ չկա։

«Պատուհանը բացվել է համակարգում սխալմունքի հետևանքով»,- պարզաբանեցին Դատական դեպարտամենտից։ 

 

Արաքս Մամուլյան

Leave a comment