Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնության երկրորդ մրցումային օրը պայքարի մեջ են մտել Հայաստանի ևս չորս ներկայացուցիչներ:
Յուրիկ Մխիթարյանը (67 կգ) և Էրիկ Տեր-Մաթևոսյանը (97 կգ) տարել են 3-ական հաղթանակ ու դուրս եկել կիսաեզրափակիչ: Մխիթարյանը 1/8 եզրափակիչում տպավորիչ հաղթանակի է հասել ադրբեջանցի Մուրադ Ալիևի նկատմամբ: Այդ հաղթանակին անդրադարձել է նաև Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի (UWW) մամուլի ծառայությունը:
Երեկոյան մրցահերթում Յուրիկ Մխիթարյանը եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի բելառուս Միխայիլ Մարկուսկիի հետ, իսկ Էրիկ Տեր-Մաթևոսյանի մրցակիցը կլինի ուկրաինացի Եգոր Յակուշենկոն:
Էդգար Պետրոսյանը (55 կգ) և Գոռ Խաչատրյանը (72 կգ) պարտվել են մեկնարկային գոտեմարտում:
Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ին Մ-20 աշխարհի չեմպիոնի կոչման համար գոտեմարտելու են Սամվել Տերտերյանը (77 կգ) և Յուրիկ Պետրոսյանը (87 կգ):