Մեծ Բրիտանիան երաշտի պայմաններում ֆերմերներին կտրամադրի 65 մլն ֆունտ ստերլինգ

Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է 65 մլն ֆունտ ստերլինգ (88 մլն դոլար) հատկացնելու մասին՝ լայնածավալ երաշտի և բերքատվության նվազման պայմաններում հայտնված ֆերմերներին աջակցելու նպատակով:

Ընդունված միջոցառումները ֆերմերային տնտեսություններին ավելի մեծ ճկունություն կտրամադրեն բնապահպանական սուբսիդավորման ծրագրերի շրջանակում։ Մասնավորապես, նրանց թույլ կտրվի պաշտպանված արոտավայրերն օգտագործել անասունների կերի պատրաստման համար՝ առանց սուբսիդիաները կորցնելու։

Միջոցառումների փաթեթը նախատեսում է նաև լրացուցիչ ֆինանսավորում և ֆերմերային տնտեսությունների տարածքում անմիջապես ջրի պահեստավորման ավազանների կառուցման սահմանափակումների մեղմացում, ինչպես նաև ջրի սակավության ժամանակ ջրային ռեսուրսների ավելի դյուրին հասանելիություն։ Ֆինանսավորումը կտրամադրվի Շրջակա միջավայրի, սննդի և գյուղական հարցերի նախարարության գործող բյուջեից։

«Ֆերմերները հայտնվել են կլիմայի փոփոխության առաջնագծում, և նրանք չպետք է միայնակ կրեն այդ ռիսկը»:

Ակնկալվում է նաև, որ Բերնհեմը երկրի ներսում սննդամթերքի արտադրությունը կներկայացնի որպես ազգային անվտանգության հարց։

Անգլիայի տարածքի մոտ երեք քառորդը հայտնվել է երաշտի պայմաններում՝ կրկնվող շոգ ալիքների և տեղումների անբավարար քանակի հետևանքով։ Ֆերմերները հայտնում են վերջին ավելի քան երկու տասնամյակների ընթացքում ամենավաղ բերքահավաքի մասին, իսկ բերքատվության նվազումը մտահոգություններ է առաջացնում ծայրահեղ եղանակային պայմանների՝ սննդամթերքի արտադրության վրա ազդեցության վերաբերյալ։

Հողատերերի և գյուղական շրջանների ձեռնարկատերերի ասոցիացիայի նախագահ Գևին Լեյնը ողջունել է ընդունված փոփոխությունները, սակայն դրանք բնութագրել է որպես ժամանակավոր միջոց։

Լեյնը նշել է, որ ջրի պահեստավորման ավազանների կառուցման խոչընդոտների նվազեցումը դրական քայլ է, թեև ֆերմերները դեռևս ստիպված կլինեն իրենց վրա վերցնել դրա հետ կապված ծախսերի մեծ մասը։ Նա նաև կոչ է արել մշակել գյուղատնտեսությունը կլիմայի փոփոխությանը հարմարեցնելու ավելի լայն ազգային ծրագիր։

Երաշտը լուրջ հարված է հասցրել գյուղատնտեսության ոլորտին։ Ուրբաթ օրը կառավարությունն արգելել է միանգամյա օգտագործման մանղալների վաճառքը և ամբողջ Անգլիայում ու Ուելսում արտակարգ նախազգուշացում է տարածել՝ կոչ անելով բնակչությանը զերծ մնալ կրակ վառելուց՝ անտառային հրդեհներից խուսափելու համար։

«Network Rail» ընկերությունը նույնպես մտադիր է հետաքննություն անցկացնել հինգշաբթի և ուրբաթ օրերին տեղի ունեցած գնացքների ռելսերից դուրս գալու երկու դեպքերի առնչությամբ։ Երկաթուղային ենթակառուցվածքի օպերատորը հայտնել է, որ անոմալ շոգ և չոր պայմանները բացառիկ դժվարություններ են ստեղծել երկաթուղային ցանցի աշխատանքի համար։ See less

Leave a comment