Տեսչական մարմինը հորդորում է չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ»-ի գազալցակայաններից․ կրկին թերլիցքավորում է արձանագրվել

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը Երևանի Ռուբինյանց 41/1 հասցեում գործող «ԴԱՎՈ ՕԻԼ» գազալցակայանում կրկին թերլիցքավորում է արձանագրել։ Տեսչական մարմինը սպառողներին հորդորում է զերծ մնալ ընկերության գազալցակայանների ցանցից օգտվելուց, իսկ տնտեսվարողը կենթարկվի վարչական պատասխանատվության։

«ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հերթական անգամ արձանագրել է թերլիցքավորում «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում (հասցե՝ ք․ Երևան, Ռուբինյանց 41/1):

Տեղեկացնում ենք, որ տնտեսավարողին պատկանող տասնյակից ավելի գազալցակայաններում հայտնաբերվել են բազմաթիվ խախտումներ, այդ թվում՝

▪️ թերլիցքավորում,
▪️ չստուգաչափված չափիչ միջոցների օգտագործում,
▪️ կապարակնիքների ապօրինի հեռացում՝ խախտումների հայտնաբերումից հետո,
▪️ արագ արձագանքման QR կոդերի բացակայություն։

Վերջին ստուգմները ևս վկայում են, որ գազալցակայանը զբաղվում է հեղուկացված ածխաջրածնային գազի էական խախտումներով՝ թերլիցքավորմամբ։

Կազմակերպության տնօրենին կրկին անգամ հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ խախտումները վերացնելու ուղղությամբ։

Տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։

Կրկին հորդորում ենք սպառողներին զերծ մնալ «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից լիցքավորում իրականացնելուց՝ Ձեր իսկ շահերից ելնելով։

Տեսչական մարմինը շարունակելու է վերահսկողությունը վառելիքի իրացման ոլորտում և օրենքով սահմանված կարգով արձագանքելու է յուրաքանչյուր այն դեպքին, երբ տնտեսավարողի գործողությունների հետևանքով խախտվում են սպառողների իրավունքները»,- ասված է տեսչական մարմնի տարածած հաղորդագրությունում։

Leave a comment