Գրիգոր Զաքարյանի մահվան դեպքով վարույթ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով. ՔԿ

Բաժանորդագրվել

Գրիգոր Զաքարյանի դին հայտնաբերվել էր օգոստոսի 13-ին։

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Կա կալանավորված անձ։ Այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Այսօր ավելի վաղ մամուլը գրել էր, որ օգոստոսի 13-ին մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայողի մահվան դեպքով կա կալանավորված։ Ըստ լրատվամիջոցի` իրավապահները պարզել են, որ զինվորին մի քանի անգամ դիրքում քնած են տեսել, ինչը զինվորների մեջ դարձել է ներքին տարաձայնության խնդիր, և հնչել են հայհոյանքներ։ Արդյունքում խոսակցությունները ժամկետային զինծառայողների միջև այնքան են խորացել, որ զինվորը որոշել է վերջ տալ կյանքին։

«ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը)»,– գրել է Ավդալյանը:

Հիշեցնենք` ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ օգոստոսի 13-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի դին՝ հրազենային վնասվածքով:

Նշենք, որ սա վերջին մեկ ամսում զինծառայողի մահվան երկրորդ դեպքն է։ Հուլիսին հայտնի էր դարձել ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի մահվան մասին։

Leave a comment