Մեկ շաբաթ առաջ Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածին աղջկա առողջական վիճակը բավարար է։
Երեխային հայտնաբերած Նարեկ Պետրոսյանը MediaHub-ին հայտնել է, որ, ըստ նախնական տեղեկության, փոքրիկը հիվանդանոցից դուրս կգրվի օգոստոսի վերջին։
«Չնայած ես երեխայի անունը Անգել էի որոշել, բայց սոցիալական ծառայության աշխատակիցները նրան Սոսե են անվանակոչել՝ ի պատիվ Սոսե մայրիկի։ Այս պահին հիվանդանոց եմ գնում՝ Սոսեին տեսակցելու։ Շատ եմ կապվել նրա հետ։ Երևի դա նաև նրանից է, որ տանը մանկահասակ երեխա ունեմ և հասկանում եմ՝ ինչ քաղցրություն է երեխայի հետ կապված լինելը»,- ասում է Նարեկը։
Նրա խոսքով՝ երեխայի կենսաբանական ծնողների հայտնաբերման վերաբերյալ առայժմ որևէ նոր տեղեկություն չկա։ «Ես թույլտվություն եմ ստացել, որ Սոսեի դուրսգրման գործընթացը կազմակերպեմ։ Հիվանդանոցից նրան կտեղափոխեն համապատասխան հաստատություն, որտեղ էլ կորոշվի նրա հետագա ճակատագիրը։ Ամենայն հավանականությամբ, եթե իրավական բոլոր գործընթացներն ավարտվեն և ծնողները չհայտնաբերվեն, երեխան կորդեգրվի»,- նշում է Նարեկ Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ դեպքի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել։ Իրավապահները շարունակում են երեխայի կենսաբանական ծնողների հայտնաբերմանն ուղղված միջոցառումները։ Այս պահին նրանց գտնվելու կամ հայտնաբերվելու վերաբերյալ որևէ պաշտոնական տեղեկություն չկա։ Միևնույն ժամանակ, 108 ընտանիք դիմել է, որպեսզի կարողանա որդեգրել երեխային։
Հունան Թադևոսյան