Արեգնազ Մանուկյանի գործով Վերաքննիչ դատարանը դեռ որոշում չունի
Հուլիսի 9-ից կալանավորված «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման անդամ, նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանի գործով որեւէ գործողություն չի կատարվել։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց նրա պաշտպան Տաթեւիկ Սողոյանը։
Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանը նախկին պատգավորի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառել երկամսյա կալանքը։ Նա կալանավորվել էր Անդրանիկ Թևանյանին առնչվող վարույթի շրջանակներում։ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը):
Գործի նյութերը երկար ժամանակ չէին փոխանցվել։
Հուլիսի 20-ին ներկայացված բողոքը միայն օգոստոսի 11-ին է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանը ընդունել վարույթ։ Այլ տեղեկություններ, թե ինչ ընթացակարգ է սահմանվել, կամ երբ է նշանակվել գործի քննությունը, հայտնի չէ։ Դատարանից տեղեկացրել են, որ սուրհանդակային ծառայության միջոցով ուղարկվել է։ Սակայն պաշտպանական կողմը այն դեռ չի ստացել։
Հիշեցնենք, որ Արեգնազ Մանուկյանին չի թույլատրվում շփվել նաեւ անչափահաս դստեր հետ։