Ferrari-ն ներկայացրել է իր տեսակի մեջ եզակի սուպերմեքենա

Իտալական ընկերությունը ներկայացրել է նոր Ferrari CZ26-ը, որը ստեղծվել է ամերիկացի հաճախորդի պատվերով։ Ավտոմեքենան թողարկվել է ընդամենը մեկ օրինակով, ուստի դրա արժեքը չի հրապարակվել։ Նոր սուպերմեքենայի հիմքում Ferrari SF90 Stradale մոդելն է։

CZ26-ի ստեղծման շրջանակում իտալացի ինժեներները վերամշակել են ածխածնային թափքի կառուցվածքը։ Նոր մոդելի առջևի հատվածը մեծացվել և բարձրացվել է։ Բամպերը համալրվել է լայն օդամուտքերով և երկարացված սպլիտերով։ SF90 Stradale-ի համեմատ՝ իտալական նոր մոդելն առանձնանում է թափքի ավելի երկրաչափական և հստակ ձևերով։ Սուպերմեքենան ստացել է շատ բարակ լուսադիոդային լուսարձակներ, որոնք ինժեներներն ինտեգրել են ռադիատորի ճաղավանդակին։

Հետևի օպտիկան նույնպես դարձել է ավելի նեղ՝ նախատիպի համեմատ։ Միևնույն ժամանակ, նրանից փոխանցվել են երկակի արտանետման խողովակները։ Ինժեներները փոխել են հետևի բամպերի ձևը՝ կատարելագործելով դիֆուզորի կառուցվածքը։ Ferrari-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ CZ26-ը ստեղծելիս դիզայներները ոգեշնչվել են 1970-ականների ավտոմեքենաներից։ Սակայն վերջնական արտադրանքը տեսքով ռետրո ավտոմեքենա չի հիշեցնում։

Սրահի դասավորությունը չի փոխվել։ Ferrari-ն միայն փոփոխել է ներքին հարդարանքը՝ ավելացնելով նոր տեխնոլոգիական գործվածք և ածխածնային ներդիրներ։ Միևնույն ժամանակ, թափքում կատարված փոփոխություններն ազդել են ավտոմեքենայի ընդհանուր աերոդինամիկայի վրա։ Բացի այդ, Ferrari-ն արդիականացրել է հովացման համակարգը, հետևի սպոյլերը, հատակի կառուցվածքը և գեներատորները։

Նոր CZ26-ը նախատիպից ժառանգել է 4-լիտրանոց շարժիչի հիմքով հիբրիդային ուժային համակարգը։ Երեք էլեկտրաշարժիչների հետ համատեղ այն զարգացնում է մինչև 1000 ձիաուժ հզորություն։ Դրա շնորհիվ սուպերմեքենան 0-100 կմ/ժ արագություն է զարգացնում 2.5 վայրկյանում։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

Leave a comment