Օգոստոսի 13-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Visa Concord» ավիաընկերության գրասենյակի մոտ մի խումբ քաղաքացիների միջև վիճաբանություն է տեղի ունենում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի օպերատիվ խումբը, որտեղ պարզել են, որ մի խումբ քաղաքացիներ, կոպտորեն խախտելով հասարակական կարգը, միմյանց հասցեին հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ և փոխադարձ հարվածներ են հասցրել՝ խաթարելով ավիաընկերությունների գրասենյակների բնականոն աշխատանքը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները նրանց խուլիգանություն և ֆիզիկական ներգործություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով ձերբակալել և տեղափոխել են «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության գծային բաժին, որտեղ պարզվել է, որ վերջիններս են Երևանի բնակիչներ են՝ 41-ամյա Լիլիթ Մ․-ն, 19-ամյա Իլեն Հ․-ն, 39-ամյա Նելլի Մ․-ն և 25-ամյա Դիանա Հ․-ն։
Դեպքի փաստով ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք նշված անձանց հետ ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նրանցից մեկը աշխատում է «Վիզա Կոնկորդ Չարթերզ» ՍՊԸ-ում՝ որպես ավիաընկերությունների ներկայացուցիչ։