Պարսից ծոցի երկրները դժգոհ են ԱՄՆ-ից. ԶԼՄ

Բաժանորդագրվել

Որոշ երկրներ արդեն սկսել են քննարկել, թե որքանով է նպատակահարմար իրենց տարածքում ամերիկյան խոշոր ռազմական օբյեկտների տեղակայումը։

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի — Sputnik. Պարսից ծոցի երկրները դժգոհ են Վաշինգտոնից՝ մտավախություն ունենալով, որ Սպիտակ տունը չի կարող կարգավորել Իրանի հետ հակամարտությունը։ Այս մասին գրում է Washington Post-ը՝ հղում անելով արաբ և արևմտյան պաշտոնյաներին։

«Վաշինգտոնի նկատմամբ հիասթափությունն աճում է Պարսից ծոցի տարածաշրջանում, որտեղ ԱՄՆ դաշնակիցներն ավելի ու ավելի են անհանգստանում, որ Դոնալդ Թրամփը չի կարող ապահովել դիվանագիտական կարգավորում՝ Իրանի հետ խաղաղության հասնելու համար»,- նշում է պարբերականը։

Ինչպես Washington Post-ին հայտնել են երեք պաշտոնյաներ և նախկին ամերիկացի դիվանագետ, Սաուդյան Արաբիայի, Կատարի, Քուվեյթի և Բահրեյնի կառավարությունները դժգոհ են ԱՄՆ վարչակազմից։ Որոշ երկրներ արդեն սկսել են քննարկել, թե որքանով է նպատակահարմար իրենց տարածքում ամերիկյան խոշոր ռազմական օբյեկտների տեղակայումը։ Պարսից ծոցի երկրներից մեկի պաշտոնյան պարբերականին հայտնել է, որ ԱՄՆ-ի նկատմամբ դժգոհությունը գագաթնակետին է հասել փետրվարին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների մեկնարկից ի վեր։

Վերջին շաբաթներին Վաշինգտոնն ու Թեհրանը Մերձավոր Արևելքի միջնորդների մասնակցությամբ փորձում են համաձայնեցնել հակամարտությունն ավարտելու համար նոր գործարքի պայմանները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 9-ին հայտարարել էր, որ Վաշինգտոնը Թեհրանի հետ բանակցություններ է վարում «կիսով չափ», մինչդեռ Իրանի տնտեսական իրավիճակը, ըստ նրա, վատթարանում է։

Leave a comment