Ուկրաինան անօդաչուներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային և Մոսկվայի մարզին

Օգոստոսի 16-ի՝ կիրակի լույս գիշերը Մոսկվան և Մոսկվայի մարզը ենթարկվել են Ուկրաինայի ԶՈւ անօդաչուների զանգվածային հարձակման։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հաղորդմամբ՝ օգոստոսի 15-ի երեկոյից մինչև օգոստոսի 16-ի առավոտյան ժամը 06:30-ը մայրաքաղաքի ուղղությամբ թռել է 600 անօդաչու թռչող սարք, որոնցից 201-ը ոչնչացվել է Մոսկվայի մարզում։ Մոսկվայի օղակաձև ավտոճանապարհի՝ ՄԿԱԴ-ի շրջանում երեք մարդ է տուժել։

Մերձմոսկովյան Պոդոլսկում անօդաչուի հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել Wildberries-ի խոշորագույն պահեստում՝ Կոլեդինո գյուղի Տրոիցկայա փողոց 20 հասցեում։ Պահեստի մակերեսը կազմում է 200 հազար քառակուսի մետր։

Դոմոդեդովոյում հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել ևս մեկ լոգիստիկ կենտրոնում։ Astra-ի հաղորդմամբ՝ այրվում է «Հյուսիսային Դոմոդեդովո» տեսակավորման-լոգիստիկ համալիրի թիվ 15 պահեստը։ Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը հայտնել է, որ հրդեհվել է դեղամիջոցների պահեստը։

Վորոբյովի խոսքով՝ տարածաշրջանը ենթարկվել է «վերջին ժամանակների ամենազանգվածային անօդաչու հարձակումներից մեկին»։

«Գիշերվա ընթացքում հակաօդային պաշտպանության ուժերն ու ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները խոցել և ճնշել են 187 ԱԹՍ՝ Դոմոդեդովոյում, Պոդոլսկում, Ստուպինոյում, Օդինցովոյում, Նարո-Ֆոմինսկում, Ռամենսկոյեում, Չեխովում, Կոլոմնայում, Կաշիրայում և Եգորևսկում»,- գրել է Վորոբյովը։

Նրա խոսքով՝ Ռամենսկոյեի մունիցիպալ շրջանում անօդաչուն ընկել է առանձնատան տարածքում, ինչի հետևանքով զոհվել է 83-ամյա տղամարդ։

Պոդոլսկում բժշկական օգնության կարիք է ունեցել երեք մարդ։ Մեկը բեկորային վնասվածքներ է ստացել «Լեսնոյ» այգեգործական ընկերության տարածքում, ևս երկու մարդ տուժել է Մ-2 մայրուղու և Ժելեզնոդորոժնի ավանի շրջանում անօդաչուների ընկնելու հետևանքով։

Ռոստովի մարզում Ուկրաինայի ԶՈւ հարձակումների հետևանքով առնվազն հինգ մարդ է զոհվել, ևս մեկը վիրավորվել և հոսպիտալացվել է։ Այս մասին Telegram-ում հայտնել է մարզի նահանգապետ Յուրի Սլյուսարը։

Նրա խոսքով՝ հարձակումը հետ մղելու ընթացքում երեք քաղաքներում և ինը շրջաններում ոչնչացվել է ավելի քան 150 անօդաչու և հրթիռ։ Խոսքը Կամենսկ-Շախտինսկի, Գուկովո, Դոնեցկ քաղաքների, ինչպես նաև Կամենսկի, Կոնստանտինովսկի, Միլլերովսկի, Մատվեևո-Կուրգանսկի, Չերտկովսկի, Շոլոխովսկի, Ցիմլյանսկի, Տարասովսկի և Վերխնեդոնսկի շրջանների մասին է։

Նահանգապետի հաղորդագրության համաձայն՝ հարձակումը բազմաթիվ ավերածությունների է հանգեցրել։ Կամենսկում վնասվել են մի քանի շենքերի տանիքներ, կոտրվել են բազմաբնակարան շենքի և երկաթուղային կայարանի շենքի ապակիները։

Կամենսկի շրջանի Ստարայա Ստանիցա խուտորում թռչնաբուծական ձեռնարկության չորս արտադրական մասնաշենք է վնասվել։

Կամենսկի շրջանի Վոլչենսկի խուտորի մոտ հրդեհվել է հնձված արտի մնացորդային բուսածածկը։ Հրդեհը մարվել է 1300 քառակուսի մետր տարածքում։ Կամենսկի անտառտնտեսությունում հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացվում երկու անտառային հատվածներում՝ 0,02 հեկտար ընդհանուր մակերեսով։

Դոնեցկում առանձնատան տանիքն ու էլեկտրալարերն են վնասվել։

Leave a comment