ՀԱՊԿ-ին Հայաստանի ապագա մասնակցության վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետում. Մասադիկով
ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի «ողջամիտ ժամկետներում». գլխավոր քարտուղար
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի «ողջամիտ ժամկետներում», «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։
«Ելնում ենք նրանից, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում», — ասել է Մասադիկովը։
Նախօրեին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել էր, որ կազմակերպության անդամ երկրները շարունակում են Հայաստանին դաշնակից համարել։
Միաժամանակ, ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը հայտնել էր, որ Հայաստանին կազմակերպության մարմիններում ձայնի իրավունքից զրկելու որոշման համար անհրաժեշտ կլինի անդամ երկրների կոնսենսուսը։ Նրա խոսքով՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստը նախատեսված է նոյեմբերի 11-ին Մոսկվայում, և այդ հարցը կարող է քննարկվել նիստի ընթացքում։
Հայաստանը 2022 թվականին Ադրբեջանի ռազմական հարձակումից հետո դադարեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ աշխատանքներին։ Երևանը դժգոհություն էր հայտնել կազմակերպության արձագանքից՝ նշելով, որ ՀԱՊԿ-ը ոչ միայն ռազմական օգնություն չի ցուցաբերել, այլև քաղաքական գնահատական չի տվել Հայաստանի տարածքի նկատմամբ Ադրբեջանի գործողություններին։
2024 թվականի փետրվարին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը սառեցնում է ՀԱՊԿ-ին իր մասնակցությունը, իսկ հայկական կողմը հրաժարվել էր նաև կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից։ Հայաստանի կողմից ՀԱՊԿ անդամավճարի վճարումը նույնպես դադարեցվել է։
Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ՀԱՊԿ անդամ երկրները քննարկում են Հայաստանի նկատմամբ քայլեր ձեռնարկելու հարցը՝ անդամավճարը երկու տարի չվճարելու պատճառով։ Փաշինյանն իր հերթին նշել էր, որ իրեն չի մտահոգում ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր հեռացումը՝ ընդգծելով, որ նման որոշման դեպքում Երևանը դա «ի գիտություն կընդունի»։