Պլագիատի մեղադրանքներից մինչև համամիութենական ճանաչում․ կոմպոզիտոր Միքայել Թարիվերդիևի ճակատագրի հեգնանքը

Պլագիատի մեղադրանքներից մինչև համամիութենական ճանաչում․ կոմպոզիտոր Միքայել Թարիվերդիևի ճակատագրի հեգնանքը

Օգոստոսի 15-ին լրանում է խորհրդային կոմպոզիտոր, «Գարնան տասնյոթ ակնթարթները» և «Ճակատագրի հեգնանքը, կամ Բաղնիքդ անուշ» ֆիլմերի երաժշտության հեղինակ Միքայել Թարիվերդիևի ծննդյան 95-ամյակը։ Պատմում ենք, թե ինչպես է դասավորվել խորհրդային կինոյի նշանավոր մեղեդիների հեղինակի կյանքը։

Վաղ տարիները

Միքայել Թարիվերդիևը ծնվել է 1931 թվականին Թբիլիսիում՝ քաղաքում հայտնի հայկական ընտանիքում։ Մանկության և պատանեկության տարիներին հասցրել է զբաղվել բռնցքամարտով, ձիասպորտով, մոտոցիկլետով, անգամ ընդգրկվել է Վրաստանի հեռավոր տարածությունների լողի հավաքականում։

Դպրոցում, որտեղ սովորում էր Միքայելը, գրել է իր առաջին ճանաչված ստեղծագործությունը՝ դպրոցի հիմնը, որը շրջանավարտներն այնտեղ երգում են մինչ օրս։ Սակայն այդ դպրոցն ավարտել նրան վիճակված չէր։

Մի անգամ դպրոցի տնօրենը հարվածել է Թարիվերդիևի համադասարանցուն, ինչի հետևանքով տղան կորցրել է լսողությունը։ Ապագա կոմպոզիտորը կոմերիտական ժողովում հրապարակայնորեն դատապարտել է տնօրենի արարքը։ Ի պատասխան՝ տնօրենը կանչել է նրա մորը և պահանջել որդուն հեռացնել դպրոցից՝ սպառնալով, որ նա այնտեղից «գայլի տոմսով» դուրս կգա։ Վերջին դասարանը Միքայելին ստիպված է եղել ավարտել երեկոյան դպրոցում։

1949 թվականին ձերբակալվել է նրա հայրը, որն այդ ժամանակ զբաղեցնում էր Վրաստանի Կենտրոնական բանկի տնօրենի պաշտոնը։ Մի քանի ամիս մայրն ու որդին թաքնվել են՝ բնակարանից բնակարան տեղափոխվելով, սոված մնացել, իսկ ապրուստի միջոց վաստակելու համար Թարիվերդիևը մասնավոր դասեր է տվել։

Այդ ընթացքում նա գրել է երկու փոքր բալետ, որոնք պարարվեստի ուսումնարանի ուժերով բեմադրվել են Թբիլիսիի օպերայի և բալետի թատրոնում։ Առաջին մասնագիտական հոնորարով նա իրեն գլխարկ է գնել։

Դպրոցից հետո Թարիվերդիևն ընդունվել է Թբիլիսիի երաժշտական ուսումնարան և ավարտել այն մեկ տարում, ապա մեկնել Երևանի կոնսերվատորիա։ Սակայն այնտեղ մնացել է ընդամենը մեկուկես տարի։

«Վարդագույն գեղեցիկ քաղաքն ինձ չընդունեց», — հետագայում գրել է նա։

Կոնսերվատորիայում այն ամենը, ինչ ուղղակիորեն կապված չէր հայկական թեմաների և մեղեդիների հետ, համարվում էր կոսմոպոլիտական։ Իր մասին Երևանում Թարիվերդիևը հուշերում գրել է որպես «երկրորդ կարգի հայի»։

Երևանից նա մեկնել է Մոսկվա՝ ընդունվելու Գնեսինների ինստիտուտ, Արամ Խաչատրյանի դասարան։

Պահպանվել է նրա՝ հորը 1952 թվականին ուղարկած նամակը, երբ վերջինս դեռ գտնվում էր ճամբարներում. «Չորս տեղի համար 28 դիմում էր ներկայացվել, այսինքն՝ մրցույթը շատ մեծ էր։ Բոլոր դիմորդներից միայն ես ստացա «հինգ», այն էլ՝ ոչ թե պարզապես, այլ պլյուսով»։

Կարիերայի սկիզբը

Մի անգամ Գնեսինների ինստիտուտ եկան ՎԳԻԿ-ի ուսանողներ, որոնք իրենց կուրսային աշխատանքի համար կոմպոզիտոր էին փնտրում։ Այդ ժամանակ քննաշրջան էր, բոլորը զբաղված էին, բայց Թարիվերդիևը սիրով համաձայնեց։

Այդպես նա գրեց իր առաջին ֆիլմի՝ «Մարդը ծովից դուրս» («Человек за бортом», 1957) երաժշտությունը։

Հետագայում կոմպոզիտորը սկսեց աշխատել ռեժիսոր Միխայիլ Կալիկի հետ, և հենց նրա ու «Մարդը քայլում է արևի հետևից» (1961) ֆիլմի շնորհիվ Թարիվերդիևը ձեռք բերեց մասնագիտական առաջին իրական ճանաչումը։

Միքայել Լեոնովիչը կինոյում աշխատանքի նկատմամբ ոչ սովորական մոտեցում ուներ։ Նա նկարահանող խմբի հետ մեկնում էր արշավախմբերի, ավարտել էր ձայնային ռեժիսորների դասընթացներ և ռեժիսորի հետ անցնում էր աշխատանքի բոլոր փուլերը՝ սցենարից մինչև վերջնական ձայնագրում։

Այդ ժամանակ էլ ծնվեց այն, ինչ Թարիվերդիևն ինքն անվանում էր «երրորդ ուղղություն»՝ երաժշտություն «բարձրակարգ, հաճախ անսովոր բանաստեղծությունների» հիման վրա։

Նա խորհրդային կոմպոզիտորներից առաջինն էր, որ դիմեց Բելլա Ախմադուլինայի, Անդրեյ Վոզնեսենսկու և Եվգենի Եվտուշենկոյի պոեզիային։

Եկած ճանաչումը

1970-ականներին ստեղծվեցին այն աշխատանքները, որոնք Թարիվերդիևին դարձրին համամիութենական ճանաչում ունեցող կոմպոզիտոր։

«Գարնան տասնյոթ ակնթարթները» սերիալի պրեմիերան տեղի ունեցավ 1973 թվականի սեպտեմբերին և մեծ հաջողություն ունեցավ։

Հանրաճանաչությունը, բացի ստեղծագործական բավարարվածությունից, նաև որոշակի արտոնություններ էր բերում։ Կոմպոզիտորը հատուկ ավտոմեքենայի անցագիր էր ստացել, որը ստորագրել էր այն ժամանակ ԽՍՀՄ ՊԱԿ-ի նախագահ Յուրի Անդրոպովը։ Այդ անցագրով կարելի էր մեքենան կայանել գրեթե ցանկացած վայրում։ Փորձարկման համար Թարիվերդիևը մի անգամ նույնիսկ մեքենան կանգնեցրել էր Կարմիր հրապարակում։

Սակայն ամեն ինչ այնքան հարթ չէր։

Կոմպոզիտորների միություն էր եկել ֆրանսիացի կոմպոզիտոր Ֆրանսիս Լեի անունով ստորագրված հեռագիր՝ հետևյալ տեքստով. «Ուրախ եմ Ձեր ֆիլմում իմ երաժշտության հաջողության համար»։ Թարիվերդիևին մեղադրում էին գրագողության մեջ։

Նա պաշտոնական հարցում էր ուղարկել «Սովինֆիլմի» նախագահ Օտար Տենիիշվիլիին՝ խնդրելով ստուգել հեռագրի իսկությունը։ Վերջինս կապ էր հաստատել Ֆրանսիս Լեի ներկայացուցիչների հետ Ֆրանսիայում, և կոմպոզիտորը հայտարարել էր, որ երբեք նման հեռագիր չի ուղարկել՝ դա անվանելով սադրանք։ Նման հաստատում էր ստացվել նաև Կաննից։

Չնայած պաշտոնական հերքմանը՝ սկանդալն արդեն հասցրել էր տարածվել մասնագիտական միջավայրում, և Թարիվերդիևի երաժշտությունը սկսեցին հանել եթերից։

Տարիներ շարունակ համերգների ժամանակ Թարիվերդիևին նույն հարցն էին տալիս. «Իսկ ճի՞շտ է, որ դուք գողացել եք երաժշտությունը»։

Իր գրքում նա գրել է, որ դրանից հետո չի սիրում հանրությանը, և ժամանակի ընթացքում ընդհանրապես հրաժարվել է համերգային ելույթներից։

«Ճակատագրի հեգնանքը, կամ Բաղնիքդ անուշ» ֆիլմի սցենարը կարդալուց հետո Թարիվերդիևը տարակուսել էր՝ համարելով, որ ֆիլմը չի համապատասխանում իրեն հայտնի որևէ ժանրի։

«Ինձ համար այս ֆիլմը Սուրբծննդյան հեքիաթ է։ Հեքիաթ այն մասին, որ բոլորս՝ անկախ տարիքից, սպասում ենք, որ երկնքից՝ առանց որևէ ջանք գործադրելու, մեր գլխին կհայտնվի արքայազն կամ արքայադուստր», — գրել է նա։

Այս տրամադրությամբ ռեժիսոր Էլդար Ռյազանովի հետ նա գրել է ութ ռոմանս՝ Պաստեռնակի, Ախմադուլինայի, Ցվետաևայի և այլ բանաստեղծների ստեղծագործությունների հիման վրա։

1977 թվականին ֆիլմի երաժշտությունն արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի, իսկ հետագա տարիներին ֆիլմը դարձել է իսկական դասական, որը Ռուսաստանում ամեն տարի դիտում են Ամանորին։

Վերջին տարիները

1986 թվականին Թարիվերդիևը եղել է Կիևում և Չեռնոբիլում, որտեղ ելույթներ է ունեցել դեռևս ամբողջությամբ փակված չլինող ատոմակայանի աշխատակիցների համար։ Այդ կայանում տեղի էր ունեցել աղետալի վթարը։

Նա սկզբում չէր պատրաստվում այդ մասին որևէ ստեղծագործություն գրել, սակայն այցն այնքան ուժեղ տպավորություն է թողել նրա վրա, որ հաջորդ տարվա գարնանը գրել է «Չեռնոբիլ» սիմֆոնիան՝ երգեհոնի համար։

«Ես չէի պատրաստվում որևէ բան գրել Չեռնոբիլի մասին։ 1987 թվականի գարնանը երգեհոնի համար սիմֆոնիան ինքն իրեն հայտնվեց իմ մեջ։ Այն միանգամից եկավ՝ ամբողջությամբ։ Ինձ թվում էր, թե ես պարզապես ընդունիչ եմ, որն որսացել է ինչ-որ ալիքի արձագանքը», — գրել է նա։

1990 թվականի մայիսի 31-ին Լոնդոնի թագավորական հիվանդանոցում Թարիվերդիևին փոխարինեցին վնասված աորտալ փականը արհեստականով, որը պատրաստված էր նույն համաձուլվածքից, ինչ ամերիկյան տիեզերանավերի արտաքին ծածկույթը։

«Ես երկաթե սիրտ ունեմ։ Երաշխիքը՝ 40 տարի», — իր բնորոշ հումորով ասում էր նա։

Կոմպոզիտորի վերջին ավարտուն ստեղծագործությունը «Դաշնամուրային տրիոն» էր, որը գրվել է 1994 թվականին՝ ալտի և լարայինների համար կոնցերտից կարճ ժամանակ անց։ Վերջինիս պարտիտուրը նա գրել էր Յալթայում։

1996 թվականի գարնանը Սոչիում տված հարցազրույցում, երբ նրան հարցրել էին՝ «Ինչո՞ւ չհեռացաք Ռուսաստանից», Թարիվերդիևը պատասխանել էր.

«Ես սիրում եմ իմ բազմոցը»։

Միքայել Լեոնովիչ Թարիվերդիևը մահացել է 1996 թվականի հուլիսի 25-ին Սոչիում, ուր մեկնել էր ծովափին հանգստանալու։ Նա չապրեց երեք շաբաթ՝ մինչև իր 65-ամյակը։

Նյութը թարգմանվել և վերամշակվել է «Ա1+»-ի կողմից՝ ՏԱՍՍ-ի հրապարակման հիման վրա։  Բնօրինակը՝ ՏԱՍՍ։

 

Leave a comment