Աղիքային վարակ Վանաձորում. 6 մարդ հոսպիտալացվել է

Բաժանորդագրվել

Բոլոր հիվանդները օգոստոսի 12-ին մասնակցել են նույն խնջույքին: Միջոցառումից հետո սննդի մի մասը տարել են և տանը կերել, որից հետո ի հայտ են եկել գանգատներ

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Հայաստանում կրկին աղիքային վարակի դեպք է գրանցվել, այս անգամ` Լոռու մարզում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

«Օգոստոսի 15-ին Վանաձորի բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել «աղիքային վարակ» ախտորոշմամբ 6 հոսպիտալացված անձի վերաբերյալ։ Կենտրոնի մասնագետների իրականացրած համաճարակաբանական հետազոտությամբ պարզվել է, որ բոլոր հիվանդները օգոստոսի 12-ին մասնակցել են նույն խնջույքին: Միջոցառումից հետո սննդի մի մասը տարել են իրենց հետ և տանը կերել, դրանից հետո ի հայտ են եկել գանգատներ»,– ասված է հաղորդագրությունում։

Հիվանդների մոտ արձանագրվել են սրտխառնոց, փսխում, էպիգաստրալ շրջանի ցավ, ընդհանուր թուլություն, առանձին դեպքերում՝ նաև լուծ։

Դեպքի վերաբերյալ սահմանված կարգով տեղեկացվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնը։

Համաճարակաբանական հետազոտությունը շարունակվում է։

Նշենք, որ մոտ մեկ ամսվա ընթացքում սա սուր աղիքային վարակի 6-րդ դեպքն է Հայաստանում։ Նախորդն արձանագրվել էր Արտաշատ քաղաքում օգոստոսի 2-ին, որտեղ մկրտության արարողությունից հետո բուժօգնության էր դիմել 14 քաղաքացի։ Հուլիսի 29-ին Լոռու մարզի Ճոճկան գյուղում հարսանիքից հետո բուժօգնության էին դիմել 22 քաղաքացի։ Հուլիսի 14-ին Ֆրանսիայի դեսպանատանը Բաստիլի գրավման օրվան նվիրված միջոցառումից հետո էին մի շարք քաղաքացիներ սուր աղիքային վարակի ախտանշաններով բուժօգնության դիմել։ Իսկ թունավորման ամենաաղմկահարույց դեպքն արձանագրվել էր Բյուրեղավանում, որտեղ բուժօգնության դիմածների թիվը շուրջ 6 տասնյակ էր։

Leave a comment