Իսրայելում իսրայելական հարվածներից զոհվածները նույն ընտանիքի անդամներ են. ԶԼՄ

Բաժանորդագրվել

Տարածաշրջանում լարվածությունը չի թուլանում` չնայած հունիսին ձեռք բերված համաձայնություններին։

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Լիբանանի հարավում իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհվածները նույն ընտանիքի անդամներ են։ Այս մասին հայտնում են լիբանանյան ԶԼՄ-ները։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Իսրայելը հարվածներ է հասցրել Անսար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով 7 մարդ է զոհվել։

Ըստ առողջապահության նախարարության տվյալների` մահացածներից 3-ը երեխաներ են, 2–ը` կանայք։

Միաժամանակ հարձակումները չեն սահմանափակվել Անսարին հասցված հարվածով։ Իսրայելական ավիացիան գիշերը մի շարք հարվածներ է հասցրել Նաբաթիա նահանգի մի քանի շրջաններին։

Հատկապես ինտենսիվ հարձակումների է ենթարկվել Ալի աթ-Թահեր բարձունքի շրջանը։ Հարվածներ են արձանագրվել նաև Անսարի Մարիսաա-Վադի-Խալիլ շրջանում, Նաբաթիա ալ-Ֆաուկայում և Դեյր-էզ-Զահրանիում։ Տեղական աղբյուրների հաղորդմամբ՝ միայն այդ շրջաններին առնվազն 11 ավիահարված է հասցվել։

Իսրայելը հայտարարել է, որ հարվածները հասցվել են «Հզբոլլահի» ենթակառուցվածքներին՝ ի պատասխան իսրայելցի զինծառայողների դեմ գործողությունների։

Լիբանանի վարչապետ Նավաֆ Սալամը տեղի ունեցածն անվանել է վտանգավոր էսկալացիա և ընդգծել, որ Նաբաթիայի, Անսարի, Դեյր-էզ-Զահրանիի և հարևան շրջանների ուղղությամբ հարվածները խաթարում են երկրի հարավում իրավիճակի կայունացմանն ուղղված ջանքերը։

Հիշեցնենք` թեև հունիսի 26-ին ԱՄՆ–ի, Իսրայելի և Լիբանանի ներկայացուցիչները Վաշինգտոնում պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ներկայությամբ հակամարտության կարգավորման վերաբերյալ եռակողմ շրջանակային համաձայնագիր ստորագրեցին, բայց երկրի հարավում գտնվող բնակավայրերը պարբերաբար ենթարկվում են հրետանու և ավիացիայի հարվածների:

Իսրայելցի զինվորականները տներ և քաղաքացիական ենթակառուցվածքներ են պայթեցնում` հայտարարելով, որ հարվածներն իբր հասցվում են «Հզբոլլահ» շարժման հետ կապված թիրախներին՝ Իսրայելի հյուսիսը շիա դիմադրության հնարավոր սպառնալիքից պաշտպանելու համար։

Leave a comment