Պաշտպանեք Ձեր երեխաներին առցանց խաղերում. ՆԳՆ կիբեռոստիկանություն

1


​Ժամանակակից առցանց (օնլայն) խաղերը միայն ժամանցի վայր չեն։ Դրանք հաճախ վերածվում են հաղորդակցման հարթակների, որտեղ երեխաները կարող են հանդիպել անծանոթների և ենթարկվել կիբեռբուլինգի (առցանց հետապնդման և ծաղրի) կամ հոգեբանական ճնշումների։ Այդ մասին ասվում է ՀՀ ՆԳՆ կիբեռոստիկանության հաղորդագրության մեջ:


 


«​Անմեղ թվացող խաղերում թաքնված են բազմաթիվ ռիսկեր, օրինակ`


 


Անձնական տվյալների արտահոսք․ Երեխաները հավատում են առցանց «ընկերներին» և փոխանցում լուսանկարներ, հեռախոսահամարներ կամ այլ զգայուն տեղեկություններ։


 


Ծաղր և բուլինգ․ Լուսանկարներն ու տվյալները հաճախ տարածվում են այլ սոցիալական ցանցերում (օրինակ՝ Telegram-ի փակ կամ բաց խմբերում)՝ երեխային ծաղրի ենթարկելու նպատակով։


 


Հոգեբանական ծանր հետևանքներ․ Երկարատև ճնշումը կարող է հասցնել երեխային ուժեղ սթրեսի, ագրեսիայի կամ ինքնավնասման մտքերի։


 


​Հաշվի առնելով վերոնշյալը, ծնողներին հորդորում ենք


 


1. ​Խոսե՛ք երեխայի հետ․ Բացատրեք, որ առցանց «խաղընկերը» իրական ընկեր չէ։ Երբեք չի կարելի անծանոթներին ուղարկել անձնական լուսանկարներ կամ տվյալներ։


 


2. ​Վերահսկե՛ք անվտանգությունը․ Ստուգեք խաղերի և մեսենջերների գաղտնիության կարգավորումները (Privacy Settings)․ սահմանափակեք անծանոթների կողմից նամակներ ուղարկելու հնարավորությունը։


 


3. ​Վստահեցրեք երեխային, որ ցանկացած սպառնալիքի կամ ծաղրի դեպքում նա կարող է դիմել Ձեզ և չի պատժվի։


 


4. ​Երևույթին տվեք ճիշտ արձագանք․ Ծաղրի կամ սպառնալիքի հանդիպելիս՝ ՊԱՀՊԱՆԵՔ (Screenshot) ողջ նամակագրությունը, արգելափակեք նամակ ուղարկողին և մի՛ մտեք փոխադարձ սպառնալիքներ պարունակող նամակագրության մեջ։


 


Եթե Ձեր երեխան ենթարկվել է առցանց հարձակման կամ կիբեռբուլինգի, անհապաղ դիմեք իրավապահ մարմիններին։



Միասին ապահով դարձնենք համացանցը մեր երեխաների համար»,- ասված է հաղորդագրության մեջ։


 

Դիտումների քանակ4

Leave a comment