Այսօրվանից ուժի մեջ է մտնում մի շարք պաշտոններ զբաղեցնելու համար գործող առավելագույն տարիքի շեմի վերացման կարգավորումը
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Այսօրվանից ուժի մեջ է մտնում մի շարք պաշտոններ զբաղեցնելու համար գործող առավելագույն տարիքի՝ 65 տարեկանի շեմի վերացման կարգավորումը։ Այդ մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
Մասնավորապես, փոփոխությունը վերաբերում է քաղաքացիական, մաքսային, հարկային և համայնքային ծառայության, Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության պաշտոններին, վարչական պաշտոն զբաղեցնող աշխատակազմի ղեկավարներին, պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների ղեկավարներին, մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրեններին, ինչպես նաև անձնական տվյալների պաշտպանության լիազորված մարմնի ղեկավարի պաշտոնին։
Նոր կարգավորմամբ՝ վերոնշյալ պաշտոններում աշխատանքային գործունեությունը շարունակելու հնարավորությունն այլևս չի պայմանավորվի անձի՝ որոշակի տարիքի հասնելու հանգամանքով։
Միաժամանակ, «Հանրային ծառայության մասին», «Համայնքային ծառայության մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» և «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքներում կստեղծվեն իրավական հիմքեր, որոնք հանրային, համայնքային ու քաղաքացիական ծառայողներին, ինչպես նաև պետական կազմակերպությունների գործադիր մարմինների ղեկավարներին հնարավորություն կտան դառնալ խնամատար ծնող և երեխայի խնամքն իրականացնելու համար ստանալ վարձատրություն։