Քաղաքականություն
14.08.2026 | 21:08
«Յաբլոկո» կուսակցության նախագահ Նիկոլայ Ռիբակովը հայց է ներկայացրել Գերագույն դատարան՝ բողոքարկելով Պետդումայի ընտրություններին կուսակցության մասնակցությունը թույլ չտալու՝ դատարանի որոշումը: Նա այս մասին հայտարարել է իր տելեգրամյան ալիքում, գրում է Current time-ը։
Ռիբակովի խոսքով՝ կուսակցության փաստաբանները «միանգամայն հստակ ապացուցել են», որ կուսակցության մասնակցությունը Պետդումայի ընտրություններին թույլ չտալու որևէ հիմք, ոչ մի չնչին պատճառ, ոչ մի բողոք չի եղել:
«Այս ամենը հորինված էր, և մենք կշարունակենք ապացուցել դա Ռուսաստանի օրենսդրության շրջանակում: Մենք ունենք Գերագույն դատարան, մենք ունենք Սահմանադրական դատարան: Եվ մենք կապացուցենք, որ ճշմարտությունը մեր և մեզ աջակցողների կողմն է»,- ասել է Ռիբակովը:
Քաղաքական գործիչը խոստացել է, որ կուսակցությունը կանի ամեն ինչ՝ առաջիկա ընտրություններում քվեաթերթիկում լինելու համար:
Գերագույն դատարանը հայցը կքննվի օգոստոսի 17-ին՝ ժամը 10:00-ին:
Հուլիսի վերջին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կուսակցությանը թույլատրել էր մասնակցել Պետական դումայի ընտրություններին, որից հետո մի քանի ռուսական կուսակցությունների ներկայացուցիչներ բացահայտորեն դեմ էին արտահայտվել ընտրություններին «Յաբլոկո»-ի մասնակցությանը՝ կուսակցության հակապատերազմական ծրագրի պատճառով։
Օգոստոսի 10-ին դատարանը բավարարել է «Ռոդինա» կուսակցության հայցը՝ «Յաբլոկո»-ին ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկելու մասին։