Քաղաքականություն
14.08.2026 | 20:22
Միացյալ Նահանգները ՆԱՏՕ-ի անդամ երկրներին փաստաթուղթ է ուղարկել, որը պարունակում է հարցեր, որոնք նախատեսված են Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականությանը նրանց աջակցության մակարդակը որոշելու համար, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով փաստաթղթին ծանոթ աղբյուրներին, փոխանցում է The Insider-ը։
Ի թիվս այլ բաների՝ Վաշինգտոնը հետաքրքրվել է՝ արդյո՞ք երկիրը «հրապարակայնորեն հավատարիմ» է եղել ամերիկյան արտաքին քաղաքականությանը և ի՞նչ «սահմանափակումներ» է սահմանել ամերիկյան զինվորականների կողմից իր բազաների օգտագործման համար:
Սպիտակ տունը նաև ցանկանում է պարզել՝ արդյո՞ք դաշնակիցները գումար են ծախսում ամերիկյան պաշտպանական ընկերությունների հետ պայմանագրերի վրա և արդյո՞ք նրանք հրապարակայնորեն դեմ են եղել նման գործարքներին խոչընդոտող կանոնակարգերին: Առանձին հարց էլ վերաբերում է նրան, թե որքանով է երկրի մոտեցումը համապատասխանում «ուժեղ, հստակ և լուռ» բանաձևին (հղում Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի կարգախոսին):
Գործակալության աղբյուրների համաձայն՝ դաշնակիցները նամակն ընկալել են որպես իրենց ուժով գաղափարական միասնություն պարտադրելու փորձ՝ ԱՄՆ ռազմական պաշտպանության դիմաց, այսինքն՝ երկարաժամկետ անվտանգության երաշխիքները քաղաքական հավատարմության հետ կապելու ցանկություն, ինչը կարող է խաթարել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հաստատված տրանսատլանտյան հարաբերությունների հիմքերը։
Bloomberg-ը նշում է, որ հարցաթերթիկն ուղարկվել է Եվրոպայում ԱՄՆ ռազմական ներկայության վեցամսյա վերանայման ֆոնին, որը նախատեսվում է ավարտել դեկտեմբերին։ Փաստաթուղթը նաև անդրադառնում է հարցերի, որոնք Վաշինգտոնի և նրա դաշնակիցների միջև տարաձայնություններ են առաջացրել։ Մասնավորապես, ԱՄՆ-ի հարվածներն Իրանին՝ առանց ՆԱՏՕ-ի հետ խորհրդակցելու, Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալության գործողությունն ու Եվրոպայի կողմից խրախուսվող «Արտադրված է Եվրոպայում» քաղաքականությունը պաշտպանական գնումների ոլորտում։
ՆԱՏՕ-ի խոսնակը հաստատել է, որ դաշինքը համագործակցում է ԱՄՆ-ի հետ ռազմական ներկայության վերանայման շուրջ, բայց հրաժարվել է մեկնաբանել նամակի բովանդակությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփը որոշել է Գերմանիայից դուրս բերել «ավելի քան 5000 զինվորականի»՝ կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ վեճի պատճառով. ներկայում Գերմանիայում տեղակայված է շուրջ 35,000 ամերիկացի զինվոր։