Էլեկտրասյուներ տեղադրելիս 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և տեղում մահացել


ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/. Օգոստոսի 12-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 21:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարտունու բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Մարտունու շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Վարդաձոր բնակավայրի դաշտամիջյան հատվածից էլեկտրահարված վիճակում տեղափոխել է տղամարդու դի։

Տեղում համայնքային ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Խաչատուր Հ.-ն է, որը նույն օրը ժամը 21:10-ի սահմաններում Վարդաձոր բնակավայրի 33-րդ փողոցում արտաքին լուսավորության աշխատանքներ իրականացնելու ժամանակ հոսանքահարվել է և տեղում մահացել։

Մինչ ոստիկանները դեպքի վայրում աշխատանքներ էին կատարում, Մարտունու բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում ոստիկանության Մարտունու բաժին, որ նշված վայրից իրենց մոտ է տեղափոխվել ևս 1 հոգի։

Համայնքային ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ տեղափոխվածը նույն բնաբակավայրի բնակիչ 14-ամյա տղա է, որը ըստ բժիշկների, նույնպես հոսանքահարված է եղել, սակայն օպերատիվ տեղեկություններով երեխան այնտեղ է եղել, երբ նկատել է դեպքը ու հոգեբանական սթրես է տարել։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։


 

Leave a comment