Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, 2026 թվականի ստուգումների ծրագրի համաձայն, ստուգում է իրականացվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղում։ Ստուգումն ընդգրկել է 2022 թվականի նոյեմբերից մինչև 2026 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածը։
Ստուգումների արդյունքում անտառօգտագործման ոլորտում հայտնաբերվել և արձանագրվել են բազմաթիվ խախտումներ։ Մասնավորապես, հայտնաբերվել է տարբեր տեսակների ու տրամագծերի ապօրինի հատված 496 ծառ, իսկ բուսական աշխարհին պատճառված վնասը կազմել է 114,686,928 ՀՀ դրամ։
Պարզվել է նաև, որ անտառահատումներն իրականացվել են առանց լիազորված մարմնի տրամադրած համաձայնության և բնապահպանական փորձաքննության դրական եզրակացության։
Բացի այդ, կառուցվել են ընդհանուր 8320 քմ մակերեսով ճանապարհներ՝ առանց սահմանված կարգով նախագծերը համաձայնեցնելու, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննական դրական եզրակացության և լիազոր մարմնի համաձայնության։ Բացակայել են նաև անտառաշինական նախագծերը։
Անտառօգտագործման իրավունքը հաստատող փաստաթղթերում հատատեղերի շահագործման արդյունքում անտառահատման տոմսերով նախատեսված ծավալներին լրացուցիչ ավելացվել են կոտրված ու տապալված ծառերի հատումից առաջացած փայտանյութի ծավալները, որոնք մուտքագրվել են հաշվապահական փաստաթղթերում։
Արձանագրվել է նաև, որ անտառահատման տոմսերում ներառված տվյալները չեն համապատասխանել անտառշինական նախագծերով սահմանված ցուցանիշներին։ Անտառօգտագործման իրավունքը հաստատող փաստաթղթերն արձակվել են անտառշինական նախագծերի հաստատումից հետո և չեն համապատասխանել կառավարման պլանին։
Համատարած անտառահատման ենթարկված անտառային հողերում անտառվերականգնման միջոցառումներ չեն իրականացվել, իսկ հատատեղերից փայտանյութի մնացորդները չեն հեռացվել։
Ստուգման արդյունքներով առերևույթ հանցանքի հատկանիշներ պարունակող դեպքերի վերաբերյալ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե։
Արձանագրված մյուս խախտումների առնչությամբ կիրառվելու են օրենքով նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ։