Երևանում և Գեղարքունիքի մարզում մի քանի լցակայանների գործունեությունն ամբողջությամբ դադարեցվել է, իսկ օբյեկտները կապարակնքվել են, հայտնել է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը։
Հրդեհատեխնիկական հետազոտություններ են իրականացվել Երևանում՝ Թբիլիսյան խճ․ 𝟐𝟎 հասցեի «Ֆլեշ» ՍՊ ընկերությանը պատկանող բենզալցակայանում և հեղուկացված ածխաջրածնային գազով լցակայանում, Դավիթ Բեկի 𝟏𝟑𝟎/𝟕 հասցեում «Էս Էս Օիլ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող բենզալցակայանում և հեղուկացված ածխաջրածնային գազով լցակայանում, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Երևանյան 𝟕𝟎/𝟏 հասցեում «Լ. Մելիքյան» ԱՁ կողմից շահագործվող հեղուկացված ածխաջրածնային գազով լցակայանում»,–հայտնում է տեսչական մարմինը։
Ըստ ներկայացված տեղեկության՝ լցակայաններում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային անվտանգության ոլորտը կարգավորող նորմատիվ իրավական ակտերի ու փաստաթղթերի պահանջների խախտումներ։ Դրանք անմիջական և ուղղակի վտանգ են ստեղծել հրդեհների առաջացման ու մարդկանց անվտանգության համար։
Նշված հասցեներում շահագործվող բենզալցակայանների և հեղուկացված ածխաջրածնային գազով լցակայանների աշխատանքն ամբողջությամբ դադարեցվել է։ Դրանք չեն գործելու մինչև արձանագրված բոլոր խախտումների ու թերությունների լիարժեք վերացումը։
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի և ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցների համատեղ աշխատանքի արդյունքում նշված բոլոր օբյեկտները կապարակնքվել են։