Apple-ն իր սեփական արհեստական բանականության մոդելն է ստեղծել հատուկ չինական շուկայի համար, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով երեք տեղեկացված աղբյուրների: Ընկերությունն ԱԲ-ն մշակել և ուսուցանել է Alibaba Group-ի հետ համատեղ, փոխանցում է Meduza-ն։
Գործակալության աղբյուրների համաձայն՝ Apple-ն իր Apple Intelligence արհեստական բանականության համակարգը Չինաստանում կթողարկի առաջիկա ամիսներին: Չինաստանի համար հարմարեցված այս հատուկ մոդելը թույլ կտա ընկերությանն ավելի մեծ վերահսկողություն ձեռք բերել արհեստական բանականության նկատմամբ ամենամրցունակ արտաքին շուկայում:
Մինչ այս չէր հաղորդվել, որ Apple-ն իր սեփական արհեստական բանականության մոդելն է մշայում: Ներքին շուկայում ընկերությունը հենվում է իր ամերիկացի գործընկերների մոդելների վրա: Չինաստանում նույնպես Apple-ը պլանավորում էր օգտագործել տեղական մշակողների՝ արդեն գոյություն ունեցող արհեստական բանականությունը, քանի որ ամերիկյան ընկերությունների համակարգերը, ինչպիսիք են Anthropic-ը և OpenAI-ը, Չինաստանում հասանելի չեն:
Հուլիսի կեսերին չինական կարգավորող մարմիններն Apple-ին թույլատրեցին երկրում գործարկել Apple Intelligence-ը: Հաղորդվել էր, որ ընկերությունն իր համակարգում ներդնում է Alibaba-ի Qwen մոդելը, ինչպես նաև Baidu-ի կողմից մշակված արհեստական բանականության գործիքների տարբերակը։
Սեփական արհեստական բանականության մոդելի թողարկմամբ Apple-ը կդառնա առաջին օտարերկրյա ընկերությունը, որը Պեկինից թույլտվություն դա անելու կստանա։
Apple-ի և Alibaba Group-ի գործընկերության մասին հայտարարվել է 2025 թվականի փետրվարին: Այս տեղեկությունը հաստատել է չինական ընկերության նախագահ Ջոզեֆ Ցայը՝ հայտարարելով, որ Apple-ը Չինաստանում իր սմարթֆոններում կօգտագործի Alibaba Group-ի արհեստական բանականության համակարգերը։