Կառավարությունն արտահանողներին շուրջ 5,3 մլրդ դրամ է հատկացրել պետական աջակցության ծրագրերի շրջանակում

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է պետական աջակցության ծրագրերի շրջանակում շուրջ 5,3 մլրդ դրամ հատկացրել արտահանում իրականացրած տնտեսվարողներին


ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Կառավարությունը նախօրեին կայացած կառավարության նիստում ընդունել է որոշում, որով նախատեսվում է պետական աջակցության ծրագրերի շրջանակում շուրջ 5,3 մլրդ դրամ հատկացրել արտահանում իրականացրած տնտեսվարողներին։

Համաձայն որոշման՝ պահուստային ֆոնդից տրամադրված միջոցները հնարավորություն կտան փոխհատուցել տնտեսվարողների կողմից հունիս և հուլիս ամիսների ծախսերը՝ կապված արտադրանքի արտահանման հետ։

Մասնավորապես, աջակցությունը վերաբերում է պտղի (ծիրան, սալոր, կեռաս, ելակ, դեղձ, նեկտարին), բանջարեղենի (լոլիկ, պղպեղ), ծաղիկի, շշալցված բնական հանքային ջրի, շշալցված խաղողի և պտղահատապտղային գինու, շշալցված հայկական բրենդիի կամ հայկական կոնյակի, չորացրած մրգի կամ բանջարեղենի և իշխան ու թառափ տեսակի ձկների արտահանմանը։

Էկոնոմիկայի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արման Խոջոյանը հայտնեց, որ հուլիսին արտահանվել է 2325 տոննա պղպեղ, 1579 տոննա լոլիկ, շուրջ 3,6 մլն հատ ծաղիկ, 7010 տոննա ծիրան, 1715 տոննա կեռաս, 430 տոննա սալոր, 1645 տոննա դեղձ ու նեկտարին և այլն:

«Արտահանման շուկաների դիվերսիֆիկացման նպատակով իրականացվող միջոցառումների և տնտեսվարողների ձեռնարկած քայլերի արդյունքում ակնհայտ առաջընթաց է արձանագրվել արտահանման շուկաների դիվերսիֆիկացման գործընթացում: Վերջին երկու ամիսների ընթացքում ծաղիկներն արտահանվել են 26 երկիր, միրգ՝ 21 երկիր, բանջարեղեն՝ 14 երկիր»,- ասաց Խոջոյանը։

Անդրադառնալով արտահանման խթանման քաղաքականությանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե կայացված որոշումներն ինչպիսի ազդեցություն են ունենում տնտեսությունում առաջացած խնդիրների հաղթահարման վրա, և ինչպես է գնահատվում դիվերսիֆիկացման գործընթացը։

Խոջոյանը պատասխանեց, որ յուրաքանչյուր շուկա պահանջում է հետևողական աշխատանք՝ ապրանքների դիրքավորման, մատակարարման ժամանակացույցի ճշգրտման և առևտրային ցանցերի ամբողջական համապատասխանության առումով։

Ըստ էկոնոմիկայի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի՝ այս փուլում տեղի են ունենում արտաքին շուկաների և մատակարարման շղթաների վերադասավորումներ։

«Միաժամանակ տնտեսվարողները և՛ ադապտացվում են փոփոխվող միջավայրին, և՛ նաև փորձում են առավելագույնս օգտագործել ստեղծված հնարավորությունները», – նշեց նա։

Փաշինյանն ընդգծեց, որ ստեղծված իրադրությունը համարում է հնարավորություն և պետք է ընդունել ադապտացիայի տրամաբանությունը, քանի որ այն բերում է նաև փոփոխությունների։

«Ադապտացիան հենց այն ամենակարևոր հատկանիշն է, որն էական նշանակություն ունի, ունեցել է և առաջիկայում պետք է ունենա մեր պետության, տնտեսության և մեր քաղաքականությունների համար։ Ադապտացիան պետք է դառնա մեր հիմնական գործելակերպը, որովհետև դա է, որ բերում է իրական փոփոխությունների». – նշեց վարչապետը։

Leave a comment