Ղազարյան․ Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել (PAN.am)

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը հայտարարել է, որ մանդատից հրաժարվելու հարց չի քննարկվել: Նա նշել է, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր է և շարունակելու է իր գործունեությունը։

«Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել խմբակցությունում»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:

Անդրադառնալով ԱԺ նիստերի դահլիճում իր տեղը փոխելու պատճառին՝ Ղազարյանն ասել է, որ դա տեխնիկական, կազմակերպչական հարց է, «վաղուց էր քննարկվել»։

«Մեր խմբակցության գործընկերների հետ ունեմ փոխըմբռնման ընդհանուր շատ լավ մթնոլորտ։ Ամեն մի ելույթ, հարցադրում, քննարկում չի կարող դառնալ մեծ իրադարձություն»,- ասել է Ղազարյանը։

ԱԺ նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն անդրադարձել է խորհրդարանում ստեղծված լարվածությանը՝ քննադատելով Էդգար Ղազարյանին և բնորոշելով նրան որպես «շարքային սադրիչ», հայտնում է Factor.am-ը:

Նա պնդել է, որ Ղազարյանը փորձում է խոչընդոտել Ազգային ժողովի բնականոն գործունեությանը։

«Շարքային սադրիչը…վերջում սրտաճմլիկ ելույթ է ունենում և մեղադրանք է հնչեցնում առ այն, որ մենք զոհերի հիշատակը սրիկայաբար շահարկում ենք՝ հաշվի չառնելով, որ տվյալ պահին ինքը սրիկայաբար շահարկում է իր բարեկամի զոհվելու փաստը»,- հայտարարել է Գաբրիելյանը:

Նա Ղազարյանին կոչ է արել «խելքը գլուխը հավաքել» և գիտակցել այն վայրի նշանակությունը, որտեղ գտնվում է։ Գաբրիելյանը միաժամանակ շեշտել է, որ անկախ տեղի ունեցած միջադեպերից՝ բոլորի նպատակը պետք է լինի Ազգային ժողովի աշխատանքների արդյունավետ շարունակականությունն ապահովելը։

ՔՊ պատգամավոր Վոլոդյա Հակոբյանն Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում, անդրադառնալով խորհրդարանում Ղազարյանի կողմից «սրիկայաբար» բառի կիրառմանը, ասել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը շարունակելու է համաչափ ու համարժեք արձագանքել ընդդիմության ներկայացուցիչների հնչեցրած վիրավորանքներին, քանի դեռ ներողություն և զղջում չի եղել։

Հակոբյանը նշել է, որ իշխող թիմը պատրաստ է հետևել բարեվարքության կանոններին, եթե ընդդիմությունը ևս պահպանի դրանք։

«Կլինեն բարեվարք՝ կլինենք բարեվարք, կլինեն ոչ բարեվարք՝ կլինենք ոչ բարեվարք։ Մենք համարժեք ենք լինելու, այդ թվում՝ Էդգար Ղազարյանին»,- ասել է իշխանական պատգամավորը։

Լրագրողը նկատել է, որ իշխանական պատգամավորները ևս անցել են բարեվարքության սահմանները և գործածել նույն վիրավորական բառերը։ Ի պատասխան՝ Հակոբյանն ընդգծել է, որ հնարավոր չէ ամեն օր ուղիղ վիրավորանքներ լսել և չարձագանքել։

«Դուք ո՞նց եք պատկերացնում՝ մեզ գան վիրավորեն, մենք ձեն չհանե՞նք։ Քանի՞ անգամ կարող ենք ձեն չհանել»,- ասել է Հակոբյանը։

ԱԺ օգոստոսի 13-ի նիստում Էդգար Ղազարյանի ելույթից հետո իրավիճակը լարվել էր։ ՔՊ-ականների դժգոհությունը մասնավորապես առաջացրել է Ղազարյանի հնչեցված «սրիկայաբար» բառը։ Նրանք պահանջել էին, որ Էդգար Ղազարյանը ներողություն խնդրի, սակայն նա դա չի արել:

Leave a comment