Ծաղիկ են պատվիրում, կեղծ կտրոն ուղարկում․ Instagram-ում տարածված խարդախություններ

Հասարակություն

Ծաղիկ են պատվիրում, կեղծ կտրոն ուղարկում․ Instagram-ում տարածված խարդախություններ

Instagram հարթակում տարբեր օգտանուններով անձինք ծաղկի սրահներից պատվիրում են ծաղիկներ, իսկ վճարման փոխարեն՝ վաճառողներին ուղարկում են կեղծ կտրոններ։

Ծաղկի վաճառքով զբաղվող բազմաթիվ էջեր վերջին շրջանում հրապարակումներ և տեսանյութեր են տարածում նման խարդախ պատվերների մասին։ Սխեման բոլոր դեպքերում գրեթե նույնն է․ պատվիրատուն կապ է հաստատում ծաղկի սրահի հետ, հայտնում է, որ գումարը փոխանցել է քարտին, ապա ուղարկում է փոխանցման կեղծ կտրոն։ Սակայն սրահի հաշվին գումար չի մուտքագրվում։

«Ա1+»-ը ՀՀ Ներքին գործերի նախարարությունից հետաքրքրվել է՝ արդյո՞ք նման դեպքերի վերաբերյալ ոստիկանությունը հաղորդումներ ստացել է, և ինչ ընթացք են ստացել դրանք։

ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ վերջին մեկ տարվա ընթացքում ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներում մասնավորապես Instagram-ում ծաղկի առաքմամբ զբաղվող կազմակերպությունների նկատմամբ նմանատիպ 3 դեպք է արձանագրվել.

« Վերջին մեկ տարվա ընթացքում ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ ենթակա ստորաբաժանումներում արձանագրվել է սոցիալական ցանցերում, մասնավորապես Instagram հարթակում ծաղկի առաքմամբ զբաղվող կազմակերպությունների նկատմամբ կատարված 3 դեպք, որոնցից մեկով քրեական վարույթ նախաձեռնվել, երկու դեպքով նախաձեռնվել են քրեական վարույթներ, որոնցից մեկը բացահայտվել է, մեկը ոչ»:

Միևնույն ժամանակ, սոցիալական ցանցերում նմանատիպ դեպքերի մասին հրապարակումների թիվը զգալիորեն ավելի մեծ է։ Ծաղկի սրահների բազմաթիվ էջեր հրապարակում են պատվիրատուների հետ նամակագրությունները, կեղծ վճարման կտրոնները և զգուշացնում ոլորտի մյուս ներկայացուցիչներին։

Նման փոքր թվի պատճառներից մեկը կարող է լինել այն, որ բոլոր տուժածները ոստիկանություն չեն դիմում։ 

Leave a comment