2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում ժամանակավոր և մշտական կացության կարգավիճակ ստանալու համար ընդհանուր առմամբ 11,619 մարդ է դիմել։ Կիսամյակի արդյունքներն ամփոփող ասուլիսի ընթացքում այս տվյալը ներկայացրել է ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի պաշտոնակատար Նելլի Դավթյանը։
«Ժամանակավոր կացության համար դիմումներն աճել են ավելի քան 3 անգամ. այս տարվա առաջին կիսամյակում դիմել է 9534 անձ։ Դրանցից բավարարվել է 6059-ը։ Նախորդ տարի և 2024 թվականին 2000 -3000-ի շրջանակում են եղել դիմումները։ Խոսքը 1 տարով տրվող ժամանակավոր կացության կարգավիճակի մասին է»,- նշել է Դավթյանը, հայտնում է Sputnik Արմենիան:
Խոսելով մշտական կացության կարգավիճակի մասին՝ ՄՔԾ պետի պաշտոնակատարն ընդգծել է, որ այս ուղղությամբ ևս դրական աճ է գրանցվել․ դիմել է 2085 անձ, սակայն նա չի հայտնել, թե ներկայացված դիմումներից քանիսն է բավարարվել։
Նախորդ տարիներին դիմումների թիվը կազմել է 1500-1700։ Այս պարագայում խոսքը երեք տարի ժամկետով տրամադրվող մշտական կացության կարգավիճակի մասին է։
ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիներից աշխատանքային գործունեության հիմքով ստացվել է 2937 դիմում, մինչդեռ 2025 թվականին այդ ցուցանիշը կազմել է շուրջ 2500։
ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնակատար Արմեն Ղազարյանն ասուլիսի ընթացքում հայտնել է, որ առկա կարողությունների սահմանում առավելագույն թափով սպասարկել են Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակչության՝ քաղաքացիություն ստանալու դիմումները, հայտնում է 1lurer.am-ը:
«Մինչև այս պահն արդեն իսկ ունենք 40 հազարից ավելի տեղահանված անձինք, որոնք ձեռք են բերել ՀՀ քաղաքացիություն: Նրանցից ավելի քան 12 հազարն անչափահասներ են»,- ասել է նա:
Անդրադառնալով ԼՂ-ից տեղահանվածներին ՀՀ քաղաքացիություն տրամադրելու գործընթացի դանդաղեցման վերաբերյալ հնչած քննադատություններին՝ Արմեն Ղազարյանը դրանք նոնսենս է որակել։
ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնակատարը նաև հայտնել է, որ բնակարանային ծրագիրը նպաստել է ՀՀ քաղաքացիություն ստանալու նպատակով դիմումների թվի աճին։ Նրա խոսքով՝ ներկայացված դիմումների քանակն ավելի մեծ է, քան քաղաքացիություն ձեռք բերած անձանց թիվը։
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի պաշտոնակատար Նելլի Դավթյանն իր հերթին տեղեկացրել է, որ ԼՂ-ից տեղահանվածների համար ՀՀ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը նաև թվայնացվել է, ինչն ավելի դյուրին է դարձրել գործընթացը։ Այնուհետև նա ներկայացրել է ՀՀ քաղաքացիության շնորհման կոնկրետ ցուցանիշները։
«Այս պահին ունենք Ղարաբաղից տեղահանված անձանց շնորհված 27,948 ՀՀ քաղաքացիություն, որից 8676-ն այս տարվա ցուցանիշն է»,- ասել է նա:
2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստան է մուտք գործել 59, 300-ով ավելի անձ, քան դուրս է եկել, իսկ նախորդ տարիներին այդ ցուցանիշը 10,000-15,000 է եղել։ Նախորդ տարի +8660 սահմանահատում է եղել, այսինքն` մուտքերի թիվն այդքանով գերազանցել է ելքերի թիվը: