Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։
Նախաքննությամբ առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2025 թվականի նոյեմբերի 16-ին Վաղարշապատ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցած «Հաղթանակ» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուներ Ս.Դ.-ն և Ն.Օ.-ն նախնական համաձայնության են եկել կուսակցության համակիրներ Ս.Ժ.-ի, Գ.Ղ.-ի և Ա.Խ.-ի հետ։
Ըստ քննության տվյալների՝ նրանք, փոխլրացնելով միմյանց գործողությունները, ընտրությունների անցկացման օրը հարկադրել են համայնքի մի շարք բնակիչների մասնակցել ընտրություններին և ընտրել «Հաղթանակ» կուսակցությանը։
Նախաքննության ընթացքում հսկող դատախազի որոշմամբ հինգ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրությանը մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացումը խոչընդոտելու համար։
Նրանց նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցներ են կիրառվել։
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ փոխանցվել է հսկող դատախազին։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։