Քաղաքականություն
14.08.2026 | 13:52
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը շարունակելու է համաչափ և համարժեք պատասխան տալ ընդդիմության կողմից հնչող վիրավորանքներին, քանի դեռ չկա ներողություն և զղջում։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՔՊ պատգամավոր Վոլոդյա Հակոբյանը՝ անդրադառնալով խորհրդարանում Էդգար Ղազարյանի կողմից «սրիկայաբար» բառի օգտագործմանը։
Հակոբյանի խոսքով՝ իշխող թիմը պատրաստ է պահպանել բարեվարքության կանոնները, եթե դրանք պահպանվեն նաև ընդդիմության կողմից։
«Կլինեն բարեվարք՝ կլինենք բարեվարք, կլինեն ոչ բարեվարք՝ կլինենք ոչ բարեվարք։ Մենք համարժեք ենք լինելու, այդ թվում՝ Էդգար Ղազարյանին»,- ասաց իշխանական պատգամավորը։
Լրագրողի դիտարկմանը, թե իշխանական պատգամավորներն իրենք էլ են անցել բարեվարքության սահմանները և օգտագործել նույն վիրավորական բառերը, Հակոբյանը պատասխանել է, որ անհնար է ամեն օր լսել ուղիղ վիրավորանքներ և լռել։
«Դուք ո՞նց եք պատկերացնում՝ մեզ գան վիրավորեն, մենք ձեն չհանե՞նք։ Քանի՞ անգամ կարող ենք ձեն չհանել»,- ասաց Հակոբյանը։
Հիշեցնենք, որ երեկ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի ելույթից հետո երեկ խորհրդարանու իրավիճակը լարվել էր, և պատգամավորները ԱԺ միջանցքում սկսել էին հարցեր պարզել։ Ավելի ուշ Ղազարայանը հեռացել էր ԱԺ-ից՝ առանց իր ելույթի հետ կապված հարցերին պատասխանելու։
Մանարամաները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան