Հայաստանում կիբեռհանցագործությունների մեջ կասկածվող խումբ է վնասազերծվել (PAN.am)

Քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության հերթական բացահայտումը տեղի է ունեցել հուլիսի 23-ին։ ՆԳՆ ոստիկանությունից հայտնել են, որ ոստիկանները Քննչական կոմիտեի գործընկերների հետ անակնկալ խուզարկություն են իրականացրել և վնասազերծել հանցավոր խումբը։ Խուզարկության ընթացքում հայտնաբերվել ու առգրավվել են նախաքննության համար էական նշանակություն ունեցող ապացուցողական տեղեկություններ։

Քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության աշխատակիցների իրականացրած լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են ենթադրյալ հանցավոր կազմակերպության անդամների ինքնությունը և նրանցից յուրաքանչյուրի դերակատարումը, հայտնում է Panorama.am-ը։

Քրեական ոստիկանները տեղեկություններ են ստացել, որ Երևանում գործող հյուրանոցներից մեկի կոմերցիոն տարածքում մի խումբ անձինք հատուկ համակարգչային տեխնիկայի և ծրագրակազմերի օգտագործմամբ չարաշահել են ուղեբեռների տեղափոխմամբ զբաղվող արտասահմանյան տնտեսվարողների վստահությունը և առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ կատարել։

Կազմակերպության անդամները ներկայացել են որպես ԱՄՆ-ում բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությունների աշխատակիցներ, կարողացել են ձեռք բերել տնտեսվարողների վստահությունը և ուղեբեռները տեղափոխել այլ վայր։ Այնուհետև հափշտակված ուղեբեռը վաճառվել է, իսկ ստացված ֆինանսական միջոցները փոխանցվել են հանցավոր կազմակերպության անդամների հաշվեհամարներին և փոխակերպվել տարբեր կրիպտոակտիվների։

Առերևույթ հանցագործության վերաբերյալ Քննչական կոմիտե ներկայացված հաղորդման հիմքով քրեական վարույթ է նախաձեռնվել։

Քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները և ԱՄՆ իրավապահ մարմինները մի շարք միջոցառումներ են իրականացրել՝ հանցավոր մեխանիզմի մասին լրացուցիչ փաստական տվյալներ ձեռք բերելու, ինչպես նաև ՀՀ տարածքում նույնաբովանդակ հանցավոր գործունեությամբ զբաղվող այլ խմբեր հայտնաբերելու ուղղությամբ։

Հանցավոր գործունեության հետևանքով տուժած անձանց կամ տնտեսվարողներին հայտնաբերելու նպատակով ՆԳՆ ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունը շարունակել է անհետաձգելի միջոցառումների իրականացումը։

Leave a comment