Դուք հատել եք կարմիր գծերի սահմանները ու հետդարձի կամուրջներն այրել. Տարոն Չախոյանը՝ ընդդիմությանը


Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, խորհրդարանը քննարկում է տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Բաբկեն Թունյանի թեկնածության հարցը:


Ելույթով հանդես եկավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը, որը նկատեց՝ իր ականջը ծակել է դահլիճի ընդդիմադիր հատվածից հնչած մի հայտարարություն, թե իրենք կատարել են իրենց խոստումը: 


«Էդ ո՞ր խոստումն եք կատարել: Է՞ն, որ 3-4 ամիս, մատի փաթաթան սարքած, բոլորին հավատացնում էիք, թե ՀՀ հաջորդ վարչապետը Սամվել Կարապետյանն է: Էդ խոստո՞ւմն եք կատարել, թե՞ այս բարեկրթության սահմաններում աշխատանքները կազմակերպելու մասին ձեռք բերված խոստումը:


Մի սրիկայի ուղարկում եք էստեղ, գալիս մի ամբողջ խմբակցության վիրավորում է, հետո տանում փափուկ տեղավորում եք ձեր աշխատասենյակում, ընդունում եք, որ սխալ է արել, բայց չեք բարեհաճում, որ գաք ու էստեղից ներողություն խնդրեք:


Էդ ո՞ր խոստումն եք կատարել, ասեք հասկանանք: Ձեզ ի՞նչ է թվում, ժողովուրդ, որ էդ անձին տարել նստացրել եք անկյունում՝ մեր աչքից հեռու, դա նշանակում է՝ վե՞րջ, անցավ գնա՞ց, վերջացա՞վ էս ամեն ինչը»,- հարցրեց պատգամավորը՝ դիմելով ընդդիմադիրներին:


Նրա ելույթի ժամանակ դահլիճից հնչեցին արձագանքներ, որոնց միջամտեց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ հորդորելով Չախոյանին ձեռքով չխոսել, իսկ «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանին՝ տեղից չընդհատել: 


Չախոյանը, դիմելով ընդդիմությանը, նկատեց՝ նրանք հատել են կարմիր գծերի սահմանները ու հետդարձի կամուրջներն էլ են այրել:


«Հետդարձի կամուրջներն արդեն այրել եք, որովհետև ձեր ձեռքերը փռել եք մի սրիկայի վրա, որը կամենում է հայ զինվորի մահը»,- հայտարարեց պատգամավորը:


Հիշեցնենք, որ երեկ ելույթի ժամանակ Էդգար Ղազարյանը, դիմելով ընդդիմադիրներին, ասել էր. «…Իմ քեռին և ես երբեք չենք կարող արդեն լավ լինել: Մենք լավ կլինեինք, եթե Աղաջան Ջանոյանը (քեռու՝ պատերազմի ժամանակ զոհված թոռը – խմբ.) դառնար իր երազանքի ռազմական բժիշկը և փրկեր մեր զինվորների կյանքը, որը դուք սրիկայաբար փորձում եք շահարկել այստեղ»:


ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջոյանը, արձագանքելով Էդգար Ղազարյանի ելույթին, կոռեկտ լինելու կոչ էր արել նրան և նախազգուշացում հայտարարել. «Հաջորդ անգամ նման պահվածքից հետո եթե դուք չինքնաէվակուացվեք այս դահլիճից, ձեզ էվակուացնելու են և դուրս են շպրտելու այս դահլիճից և ԱԺ շենքից»:


Միջադեպից հետո ԱԺ դահլիճում մթնոլորտը լարվել էր, նիստը վարողը հայտարարել էր 20 րոպե ընդմիջում: ԱԺ դահլիճից դուրս իշխող և ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների միջև վիճաբանություն էր սկսվել: 

Leave a comment