Ներկայումս առաջին և երկրորդ երեխայի համար վճարվում է 300 հազար դրամ, երրորդ և չորրորդի համար՝ 1 միլիոն դրամ, իսկ հինգերորդ և հաջորդ երեխաների համար՝ 1.5 միլիոն դրամ
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի. /ԱՌԿԱ/․ Սեպտեմբերի 1-ից Հայաստանում երեխայի ծննդյան միանվագ նպաստը կկազմի 500,000 դրամ։ Համապատասխան որոշումը նախօրեին ընդունվել է կառավարության նիստում։
Ներկայումս առաջին և երկրորդ երեխայի համար վճարվում է 300 հազար դրամ, երրորդ և չորրորդի համար՝ 1 միլիոն դրամ, իսկ հինգերորդ և հաջորդ երեխաների համար՝ 1.5 միլիոն դրամ։
Որոշումը պայմանավորված է «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի ընդունմամբ, ինչպես նաև առցանց մատուցվող ծառայությունների ընդլայնմամբ և իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրների կանոնակարգմամբ:
Մասնավորապես՝ առաջարկվում է՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանել հինգ հարյուր հազար դրամ, եթե երեխան ծնվել է 2026 թ. սեպտեմբերի 1-ին կամ դրանից հետո։ Մինչև 2026 թ. օգոստոսի 31-ը ներառյալ ծնված երեխաների դեպքում սահմանվում են նպաստի՝ երեխայի կարգաթվով պայմանավորված գործող չափերը։
Առցանց ծառայությունների ընդլայնման և նպաստն ինքնաշխատ եղանակով նշանակելու համատեքստում նախագծով առաջարկվում է՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակել բացառապես առցանց եղանակով, բացառությամբ մի շարք դեպքերի։