«Հաղթանակ» կուսակցության թեկնածուներն ու համակիրները մի շարք անձանց հարկադրել են Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում քվեարկել իրենց օգտին․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի նոյեմբերի 16-ին Վաղարշապատ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցած «Հաղթանակ» կուսակցության ընտրական ցուցակում գրանցված թեկնածուներ Ս.Դ.-ն և Ն.Օ.-ն նախնական համաձայնության գալով կուսակցության համակիրներ Ս.Ժ.-ի, Գ.Ղ.-ի և Ա.Խ.-ի հետ, փոխլրացնելով միմյանց գործողությունները, ընտրությունների անցկացման օրը հարկադրել են համայնքի մի շարք բնակիչների՝ մասնակցել ընտրություններին և ընտրել «Հաղթանակ» կուսակցությանը։

Նախաքննության ընթացքում հսկող դատախազի որոշմամբ 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրությանը մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացումը խոչընդոտելը):

Նրանց նկատմամբ կիրառվել են այլընտրանքային խափանման միջոցներ:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Leave a comment