Տուգանվել են կաթնամթերք արտադրող մի շարք ընկերություններ

Մի շարք արտադրանքներում կաթնայուղի զանգվածային մասը մի քանի անգամ պակաս է եղել սահմանված նորմայից

Տուգանվել են կաթնամթերք արտադրող մի շարք ընկերություններ: Այս մասին հայտնում է ՄՍՇՊՀ-ն:

Մի շարք արտադրանքներում կաթնայուղի զանգվածային մասը մի քանի անգամ պակաս է եղել սահմանված նորմայից:

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովն իրականացված լայնածավալ ուսումնասիրության շրջանակում վարույթ է հարուցել 11 կաթնամթերք արտադրողների նկատմամբ՝ սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտման հատկանիշների առերևույթ առկայության հիմքով։

Նրանցից հինգը՝ «Մոտկոր Ֆուդ», «Էջմիածին Կաթ», «Հին Ապարան+», «Ար-Տար» և «Ամասիայի Գլխավորող Պանրագործարան» ՍՊԸ-ներն ընդունել են արձանագրված խախտումները։ Վերջիններիս նկատմամբ կիրառվել է արագացված վարույթ, որի արդյունքում նշանակվել է ընդհանուր շուրջ 16.5 մլն դրամի տուգանք։

Լաբորատոր փորձաքննությունների արդյունքներով պարզվել է, որ վերոնշյալ ընկերությունների մի շարք արտադրանքներում կաթնայուղի զանգվածային մասը կազմել է համապատասխանաբար 5.4%, 15% և 25.5%, 18%, 1%, 0.9% այն դեպքում, երբ Մաքսային միության համապատասխան տեխնիկական կանոնակարգի համաձայն՝ այն պետք է կազմի առնվազն 50%։

Դրանք են՝

«Մոտկոր» անվանումով,  «Ամասիա» ապրանքային նշանով՝ «Չանախ» անվանումով, «Tasty Cheese» ապրանքային նշանով, «ԱԹ-ԱՌԱՏ» անվանումով կաթնայուղի փոխարինիչով կաթ պարունակող մթերքներ՝ արտադրված «Չանախ» պանրի տեխնոլոգիայով,

«EJMIATSIN Kat» ապրանքային նշանով, «Ընտանեկան» անվանումով, 18% յուղայնությամբ և «Հին Ապարան» անվանումով կաթնայուղի փոխարինիչով կաթ պարունակող մթերքներ՝ արտադրված թթվասերի տեխնոլոգիայով։

Մնացած 6 վարույթները դեռևս քննության փուլում են։

Leave a comment