ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է իշխող խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի թեկնածությունը: Նրան խորհրդարանում ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը:
Բաբկեն Թունյանը ծնվել է 1980 թ. սեպտեմբերի 6-ին Երևանում։ 2001-ին ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը, 2003-ին՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան, տնտեսագիտության մագիստրոս է։ 2007-ին ավարտել է Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի (LSE) «Տնտեսագիտություն և հանրային կառավարում» եռամսյա դասընթացը:
1998-1999 թթ. եղել է Հայկական Կարմիր խաչ ընկերության փախստականների և միգրացիայի բաժնի պետի օգնական, 2000-2002 թթ.՝ «Բնական ակտիվ նյութեր արտադրողներ և արտահանողներ» ՀԿ նախագահի օգնական: Մինչև 2018 թ. զբաղվել է տնտեսական լրագրությամբ: Արժանացել է «Լավագույն լուսաբանման համար» մրցանակների՝ Բրիտանական խորհրդի, ՀՀ բանկերի միության, ՀՀ վարչապետի կողմից։ 2009 -2012-ին եղել է «Բե-Վիտ» ընկերության հիմնադիր տնօրեն: Դասավանդել է մի շարք բուհերում:
2015 թ. հիմնադրել և մինչև 2019 թվականը ղեկավարել է B4B.am տեղեկատվական-վերլուծական հարթակը։
2018-ին ընտրվել է պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով: 2019-2021-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է եղել, 2021-ի հունիսի 20-ին ընտրվել է պատգամավոր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:
Ամուսնացած է, ունի երկու զավակ:
Բաբկեն Թունյանն իր ելույթի ժամանակ հայտարարեց, որ 8-րդ տարին է, ինչ ԱԺ-ում այս հանձնաժողովի պատգամավոր է, եղել է որպես նախագահի տեղակալ ու նախագահի պաշտոնակատար: Նա նաև կարծիք հայտնեց, որ հաջողվել է հանձնաժողովում ապահովել մաքսիմալ ներառական, մասնակցային և արդյունավետ գործընթաց:
Անդրադառնալով Հայաստանի տնտեսական իրավիճակին՝ Բաբկեն Թունյանը նշեց. «Օգոստոսի 8-ից հետո լրիվ նոր իրականության մեջ ենք ապրում, և այդ իրավիճակը, նոր պայմանները մեր առջև նոր հնարավորություններ են բացում: Մեր խնդիրն է մաքսիմալ արդյունավետ օգտվել այդ հնարավորություններից: Այս հարցում տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը, ինչպես նաև մյուս հանձնաժողովները պիտի կարողանան իրենց մասնակցությունն ունենալ այդ պրոցեսի մեջ»: