Ford Motor-ը նախատեսում է 2030 թվականից Lincoln-ի որոշ մոդելների արտադրությունը Չինաստանից տեղափոխել ԱՄՆ, Reuters-ին հայտնել է Ford-ի գլխավոր գործադիր տնօրենը։ Նրա խոսքով՝ այդ որոշումը բարդ էր, սակայն անհրաժեշտ էր ԱՄՆ-ի ավտոմոբիլային արդյունաբերական բազան ամրապնդելու համար։
Չինաստանից ներմուծվող բենզինային շարժիչով ավտոմեքենաների և էլեկտրամոբիլների նկատմամբ կիրառվում են բարձր մաքսատուրքեր։ Ford-ը Reuters-ին հաստատել է, որ Lincoln Nautilus-ի՝ ընկերության կողմից Չինաստանից ներմուծվող հիմնական մոդելի, նկատմամբ ԱՄՆ-ի մաքսատուրքը կազմում է 52.5%։
«Մենք այս որոշումն ընդունեցինք անմիջապես այն բանից հետո, երբ վարչակազմի քաղաքականությունը ձևավորվեց: Մենք հստակ գիտեինք, թե ինչի են նրանք ցանկանում հասնել, և հստակ հասկանում էինք, թե դա ինչ է նշանակում Ford-ի համար», – լրատվական գործակալությանը հայտարարել է Ford-ի գլխավոր գործադիր տնօրեն Ջիմ Ֆարլին՝ նկատի ունենալով մաքսատուրքերը։
Բացի մաքսատուրքերից, ավտոարտադրողները բախվել են Connected Vehicle Rule-ի շրջանակում սահմանափակումների, որոնք արգելում են ԱՄՆ-ում վաճառվող մոդելներում չինական որոշ տեխնոլոգիաների և սարքավորումների օգտագործումը։ Ֆարլին նշել է, որ այս երկու կարգավորող պահանջներն էլ ազդել են Ford-ի որոշման վրա, սակայն գլխավոր գործոն է անվանել հենց մաքսատուրքերը։
Ֆարլիի խոսքով՝ ԱՄՆ-ում արտադրվող Lincoln ավտոմեքենաները կվաճառվեն ներքին շուկայում՝ արտադրության ծավալների մեծացման լայնածավալ ծրագրի շրջանակում։ Միևնույն ժամանակ, ընկերությունը չի հայտնել, թե կոնկրետ որտեղ է կազմակերպվելու դրանց արտադրությունը։
Մրցակից General Motors ընկերությունը հայտարարել է, որ 2028 թվականից Buick Envision-ի արտադրությունը Չինաստանից կտեղափոխի ԱՄՆ։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։