Պապոյանը հայկական արտադրանքի մատակարարումների հարցը քննարկել է ՌԴ գյուղնախարարի հետ

Բաժանորդագրվել

Ռուսական կողմը նշել է գործող նորմերի պարտադիր պահպանման և մատակարարվող արտադրանքի անվտանգության ապահովման ալգորիթմի մշակման անհրաժեշտությունը։

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և ՌԴ գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտը հայկական արտադրանքի մատակարարման խնդիրը քննարկել են Ալմաթիում ԵԱՏՄ Ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի 7-րդ նիստի շրջանակում հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտնում է ՌԴ գյուղնախարարությունը

«Գյուղատնտեսական արտադրանքի անվտանգության ապահովումը, այդ թվում` հայ արտադրողների կողմից սեփական հումքի օգտագործումը, պեստիցիդների նկատմամբ վերահսկողությունը, մատակարարումների հետագծելիությունը և այլ պարտադիր պահանջները կարևորագույն պայման են այն ապրանքների ներմուծման վերականգնման համար, որոնց նկատմամբ սահմանափակումներ են գործում»,-ասված է հաղորդագրության մեջ։

Լուտը նշել է նաև, որ Ռուսաստան մատակարարվող ապրանքների համապատասխանությունը ԵԱՏՄ անասնաբուժական և բուսասանիտարական նորմերին բացարձակ առաջնահերթություն է։

Հիշեցնենք` Ռոսսելխոզնադզորը մայիսից սկսեց սահմանափակել Հայաստանից ՌԴ ներմուծվող ապրանքները, սկզբում` ձուկն ու ծաղիկները, ապա` միրգ–բանջարեղենի որոշ տեսակները։ Հունիսի 2-ից Ռոսսելխոզնադզորը սահմանափակեց կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծումը Հայաստանից։

Գերատեսչությունն այս որոշումները բացատրում է հայտնաբերված խախտումներով և բուսասանիտարական անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։ Նշենք, որ Ռուսաստանը հայկական գյուղմթերքի իրացման հիմնական շուկան է. ՌԴ–ին է բաժին ընկում Հայաստանի արտահանման ավելի քան 90 տոկոսը։

Leave a comment