«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Էդգար Ղազարյանի ելույթից հետո ԱԺ-ում կրքերը լարվել են: Նա իր ելույթում ասել է, որ իշխող կուսակցության «քաղաքականության հետևանքով» ունեցել ենք բազմաթիվ զոհեր, նաև՝ իր ազգական սանիկի, հայտնում է Panorama.am-ը:
Նիստը նախագահող Հայկ Կոնջորյանն ասել է, որ այլևս նման ելույթ չունենա, այլապես Ղազարյանին «կէվակուցնեն» ԱԺ-ից։ Դրանից հետո Ղազարյանը դուրս է եկել դահլիճից, նրան հետևել են ՔՊ-ական պատգամավորները։
Վեճը շարունակվել է միջանցքում և «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը փորձել է հանդարտեցնել կողմերին։
Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպից հետո Ռուբեն Ռուբինյանը դիմել է «Ուժեղ Հայաստան» խմբակցությանը՝ Էդգար Ղազարյանի պահվածքի վերաբերյալ ակնկալելով հստակ արձագանք, հայտնում է Factor.am-ը:
Ռուբինյանը նշել է, որ խորհրդարանի դահլիճում բարեկրթության վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները վտանգի տակ են հայտնվել։ Նա ընդգծել է, որ վերջին 10 օրվա ընթացքում ընդդիմության ներկայացուցիչներն արդեն երկրորդ անգամ են խախտել բարեկրթության կանոնները։
«Էդգար Ղազարյանը և իր պահվածքը մեծագույն պրոբլեմ են այս դահլիճում և ընդհանրապես… ես ակնկալում եմ ձեզնից, որ Էդգար Ղազարյանը պետք է գա և ներողություն խնդրի իր անդաստիարակ արտահայտության համար»,-նշել է ԱԺ նախագահը։
Նիստը նախագահողը նաև նախազգուշացրել է, որ Ղազարյանի համար դահլիճում «հարմարավետ պայմանների ապահովման գործընթացը» հայտնվել է քանդման եզրին։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, արձագանքելով հնչեցված մեղադրանքներին, ասել է․ «Բարեվարքության պայմանավորվածությունների շրջանակներում դա բարեվարքության նորմի խախտում էր»։
Կարապետյանը հայտնել է, որ խմբակցությունը նիստ է անցկացնելու՝ ստեղծված իրավիճակն ու հետագա անելիքները քննարկելու նպատակով։
Ռուբինյանը ողջունել է ընդդիմադիր պատգամավորի հնչեցրած գնահատականը և հավելել, որ ներողություն չխնդրելու պարագայում հետևանքները խիստ են լինելու:
«Նրան շատ ծանր օրեր են սպասվում այս Ազգային ժողովի դահլիճում, և ոչ միայն նրան, այլև բոլոր նրանց, ովքեր իրենց քաղաքական կամ ոչ քաղաքական թևերը կփռեն նրա վրա»,-ասել է նա:
Նարեկ Կարապետյանն ասել է, որ երբեմն իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից, և անհրաժեշտ է կարողանալ այն կրկին վերադարձնել կառավարման դաշտ, գրում է Aysor.am-ը:
Նա նշել է, որ հնչել են սուր ելույթներ, և երկու խմբակցություններն էլ պետք է պարզաբանեն ստեղծված իրավիճակը:
Անդրադառնալով իշխանական պատգամավորների հնչեցրած կոչերին և խորհուրդներին՝ Նարեկ Կարապետյանն ընդգծել է, որ ցանկալի կլիներ՝ նման խորհուրդներ չտրվեին, քանի որ, պատգամավորի ներկայացմամբ, իշխանական ճամբարում նույնպես կան խնդրահարույց պատգամավորներ, որոնց վերաբերյալ իրենք արդեն արտահայտել են իրենց դիրքորոշումը
«Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի բարեկրթության սահմանները պահենք։ Կարծում եմ՝ Էդգար Ղազարյանի հայտարությունը բարեկրթության ընդհանուր ձևաչափի մեջ խնդրահարույց էր։ Մեզ Հայկ Կոնջորյանը դժվար կարողանա ինչ-որ բան ասել, բայց ամեն դեպքում, տեղի է ունեցել բարեկրթության ընդհանուր նորմերի խնդրահարույց պահ, որը կպարզաբանվի։ Ամեն դեպքում, էմոցիոնալ պոռթկում է եղել»,-ասել է նա:
Պատասխանելով հարցին՝ Էդգար Ղազարյանը վերադառնալո՞ւ է նիստերի դահլիճ, և քննարկվո՞ւմ է արդյոք նրան մանդատից զրկելու հարցը, Կարապետյանը նշել է․ «Էդգար Ղազարյանը պատգամավոր է և լինելու է դահլիճում։ Մենք գնում ենք հարցը լուծելու համար, այլ ոչ թե այն բարդացնելու։ Կաշխատենք առաջացած խնդիրը լուծել»։
Ղազարյանն իր ելույթում ասել է, որ իր քեռու անվանակից թոռնիկը՝ Աղաջան Ջանոյանը, որ ԵՊԲՀ-ի առաջին կուրսի ուսանող էր, զոհվել է 44-օրյա պատերազմում, հայտնում է Sputnik Արմենիան:
«Մենք լավ կլինեինք, եթե Աղաջան Ջանոյանը դառնար իր երազանքի ռազմական բժիշկը, փրկեր մեր զինվորների կյանքը, որը դուք սրիկայաբար փորձում եք շահարկել այստեղ»,- ասել է նա:
Ի պատասխան Կոնջորյանն ասել է․ «Դուք ստանում եք նախազգուշացում Ձեր ամբարտավան պահվածքի պատճառով, և ես Ձեզ զգուշացնում եմ, որ հաջորդ անգամ նման պահվածքից հետո, եթե դուք չինքնաէվակուացվեք էս դահլիճից, ձեզ էվակուացնլու են և դուրս են շպրտելու այս դահլիճից և շենքից»: