ՀՀ-ի և ՄԹ-ի միջև հարաբերությունները վերջին տարիներին նշանակալի առաջընթաց են արձանագրել
ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն օգոստոսի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին։
Դեսպանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։
Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունները վերջին տարիներին նշանակալի առաջընթաց են արձանագրել ու զարգանում են ռազմավարական գործընկերության շրջանակում։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրի կարևորությանը, ինչպես նաև ժողովրդավարական բարեփոխումների, խաղաղության գործընթացի և երկկողմ հարաբերությունների զարգացման գործում Միացյալ Թագավորության ցուցաբերած աջակցությանը և ունեցած դերակատարությանը։
Քննարկվել են նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր։
Կարևորվել է Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև քաղաքական, տնտեսական և այլ ուղղություններով փոխգործակցության հետագա խորացումն ու ընդլայնումը, ինչպես նաև միջխորհրդարանական համագործակցության շարունակական զարգացումը։