Հայոց ցեղասպանության ճանաչումը դարձել էր միջազգային առևտրի առարկա, պետությունները այն ճանաչել են երեք պատճառով. Եղոյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Հայոց ցեղասպանության ճանաչումը դարձել էր միջազգային առևտրի առարկա»: Այս մասին ԱԺ-ում հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը արտաքին քաղաքական օրակարգում չներառելու հարցին:
Պատգամավորը հիշեցրեց, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը միշտ չէ, որ եղել է Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում, ինչպես օրինակ 1991-1998 թվականներին առաջին նախագհ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման ժամանակահատվածում էր:
«Հարցը մտել էր արտաքին քաղաքական օրակարգ 1998 թվականին ՄԱԿ-ում՝ Ռոբերտ Քոչարյանի հայտնի ելույթից հետո: Սրանից հետո մնացած բոլոր հանդիպումներում, բանակցություններում այդ խնդրանքը ներկայացվել է տարբեր միջազգային կազմակերպություններին, պետություններին: Հայաստանը խնդրել է տարբեր պետություններին, որպեսզի նրանք ճանաչեն Հայոց ցեղասպանության փաստը, դատապարտեն, որևէ բանաձև ընդունելով, օրենք ընդունելով կամ այլ ձևաչափով:
Այս 35 տարիների ընթացքում, եթե Ուրուգվայի կողմից առաջին ճանաչումից հաշվենք, ընդհանուր առմամբ Հայց ցեղասպանությունը ճանաչել է 35 պետություն: Այսինքն և այն ժամանակ, երբ Ցեղասպանության ճանաչումը արտաքին քաղաքական օրակարգում էր, և այն ժամանակ, երբ չէր»,-ասել է Եղոյանը:
Ըստ պատգամավորի նման վիճակագրությունից հետևում է, որ Ցեղասպանությունը որևէ պետություն չի ճանաչել հենց Հայաստանի խնդրանքով:
«Պետությունները Հայոց ցեղասպանությունը ճանաչել են երեք պատճառով. Առաջին՝ եթե իսկապես կարծում են, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը իրոք կարող է լինել ցեղասպանությունների կանխարգելման միջազգային մեխանիզմ: Երկրորդ՝ եթե այդ պետություններից որևէ մեկում կա հայկական համայնք, բնականաբար քաղաքացիներ, բնականաբար ընտրողներ, որոնք այդ պահանջը ներկայացնում են, որոնց մեծամասնությունը ցեղասպանության զոհերի ժառանգներ են: Երրորդ՝ Թուրքիայի հետ ինչ-ինչ հարցեր պարզելու գործընթացում: Ինչպես բոլորովին վերջերս տեսանք Իսրայելի օրինակով»,-ասել է պատգամավորը:
Ըստ Եղոյանի գուցե ինչ-որ պահի Իսրայելը ճանաչի Ցեղասպանությունը, սակայն դա փաստ է, որ այն երբեք տեղի չի ունենա Հայաստանի խնդրանքով:
Պատգամավորը նաև կարծիք հայտնեց, որ այդ հարցը չպիտի լինի Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում:
«Ինչ է տվել Ցեղասպանության ճանաչումը Հայաստանին մեկ այլ կողմից: Երբ որևէ պետություն Ցեղասպանությունը ճանաչել է Հայաստանի խնդրանքից հետո, դա հնարավորություն է տվել, որպեսզի այդ պետությունը ասի, որ ճանաչել է մեր խնդրանքով և դա գրանցել միջազգային հարաբերությունների հաշվեկշռում՝ բնականաբար ակնկալելով, որ մենք էլ իրենց խնդրանքով ինչ-որ բան պետք է անենք»,-ասել է Եղոյանը և հավելել, որ դեռ պետք է հասկանալ, թե ընդհանրապես Ցեղասպանության միջազգային ճանաչման վերջնանպատակը որն է: