Լռությունը համաձայնության նշան է. Փաշինյան` ԵՏՄ-ում իր ելույթի՝ անարձագանք մնալու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

13.08.2026 | 14:43

Եվրասիական տնտեսական միության նիստում իր ունեցած ելույթին անդամ երկրների ղեկավարների կողմից անմիջական արձագանք չհնչելը կարելի է մեկնաբանել որպես համաձայնություն ներկայացված թեզերի հետ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Լռությունը համաձայնության նշան է։ Այսինքն՝ իրենք անհամաձայնություն չունեին այդ ելույթի հետ և թեզերը ամբողջությամբ կիսում էին», – նշեց վարչապետը:

Փաշինյանի փոխանցմամբ՝ ԵՏՄ-ում իր ելույթի առանցքային թեման եղել է արտաքին քաղաքական այլընտրանքների ձևավորումը: Նա ընդգծել է, որ Հայաստանը չի կարող հանրաքվե անցկացնել կամ վերջնական ընտրություն կատարել ԵՏՄ-ի և Եվրոպական միության միջև այնքան ժամանակ, քանի դեռ ԵՄ անդամակցության երկրորդ այլընտրանքն ինստիտուցիոնալ առումով լիարժեք ձևավորված ու նախապատրաստված չէ:

«Մեզ և՛ ԵՄ-ն, և՛ ԵՏՄ-ն հավասարապես պետք են այնքան ժամանակ, մինչև մենք այլընտրանքներ ձևավորելու մեր հանձնառությունը կատարած կլինենք, և մեր ժողովուրդը ընտրություն կկատարի։ Ընդ որում, կարող է լինել նաև երրորդ տարբերակ՝ ոչ ԵՏՄ, ոչ ԵՄ»,- պարզաբանեց կառավարության ղեկավարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան

Leave a comment