ԱԳՆ-ն կապվել է Ռուբեն Վարդանյանի ընտանիքի հետ, հանդիպում է նախատեսվում․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ազգային ժողովում Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածության քննարկման ժամանակ ընդդիմադիր պատգամավորները հիշեցրին Բաքվի բանտում պահվող Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների հարցը։ Իշխանական պատգամավոր Սարգիս Խանդանյանին հիշեցրին իր անցյալը՝ «Ավրորա» նախաձեռնությունում աշխատելու տարիները, և հարցրին Վարդանյանից ստացած «հայրենասիրության դասի» մասին։

Սարգիս Խանդանյանը շեշտեց, որ որպես պետական պաշտոնյաներ, իրենք իրավունք չունեն առաջնորդվել անձնական կապերով և պետք է հավասարապես պայքարեն բոլոր գերիների համար։

«Մենք չենք կարող որևէ կերպ տարբերակում դնել և որևէ մեկի համար ավելի շատ պայքարել, քան մյուսների»,- հայտարարեց նա՝ հավելելով, որ գերիների հարցի մասին բարձրաձայնելիս պետք է խոսել բոլորի մասին։

Թեկնածուն նաև նշեց, որ հանրային ամբիոններից այս թեմայով շատ խոսելը հաճախ արդյունավետ չէ, և ավելի կարևոր է գործ անելը։

Անդրադառնալով Ռուբեն Վարդանյանի հետ աշխատանքային փորձին և նրա կերպարին վերաբերող հարցին՝ Խանդանյանը կտրականապես հրաժարվեց պատասխանել՝ այն համարելով անձնական։

«Այն մյուս հարցը ես անձնական հարց եմ դիտարկում, և դա որևէ կապ չունի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի թեկնածու լինելու հետ»։

Նա հայտնեց նաև, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արդեն կապ է հաստատել Ռուբեն Վարդանյանի ընտանիքի հետ և հանդիպում է նախատեսվում։

Հիշեցնենք՝ Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը հուլիսի 8-ին բաց նամակով դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ տեղեկացնելով կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության կազմում Բաքու մեկնելու իր մտադրության մասին: Եվս մեկ նամակ նա գրել էր հուլիսի 30-ին, որն ուղղված է եղել Ադրբեջանի ՄԻՊ Սաբինա Ալիևային և վարչապետ Նիկոլ Փաշինյանին ՝ մարդասիրական այցի գործնական կազմակերպման վերաբերյալ կոնկրետ առաջարկություններով։

Օգոստոսի 10-ին Զոնաբենդը հայտնել էր, որ այդ օրվա դրությամբ ԱԳՆ-ից դեռևս իր հետ կապ չեն հաստատել, և պատասխանատու պաշտոնատար անձի կոնտակտային տվյալներ չեն փոխանցել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment