Քաղաքականություն
13.08.2026 | 13:42
Զինվորի մահվան առնչությամբ Զինված ուժերում կադրային փոփոխություններ են սպասվում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ իրադրությունն արդեն քննարկել է Պաշտպանության նախարարի հետ:
Վարչապետի խոսքով՝ որոշումներն արդեն կայացված են, և առաջիկայում պաշտոնանկություններ ու նոր նշանակումներ կլինեն։
«Ռազմական ոստիկանությունում փոփոխություն կունենանք, Բարոյահոգեբանական ապահովման վարչությունում փոփոխություն կունենանք, և նաև մանրամասն կվերլուծենք, թե ինչու այդ ուղղությամբ մեր գործադրած ջանքերը մեզ համար ցանկալի արդյունքներ չեն տալիս, և հետևությունների կգանք», – ընդգծել է Փաշինյանը։
Միևնույն ժամանակ, պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք պատասխանատվության կենթարկվեն նաև ԶՈւ գլխավոր շտաբի պետն ու պաշտպանության նախարարը, վարչապետը նշել է․ «Իմ գնահատականը այն չէ, որ այս իրադրությունում գլխավոր շտաբի պետը և պաշտպանության նախարարը բավարար ջանքեր չեն գործադրում այդ խնդիրը լուծելու համար»։
Հիշեցնենք, որ օգոստոսի 13-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի դին՝ հրազենային վնասվածքով: Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան