Ամերիկյան The Intercept լրատվական կայքը և Freedom of the Press Foundation (FPF) կազմակերպությունը դատական հայց են ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ: Հայցվորները ձգտում են արգելափակել Truth API վճարովի ծառայությունը, որը վաղաժամ հասանելիություն է տալիս Սպիտակ տան նախագահի գրառումներին նրա Truth Social սոցիալական ցանցում, հաղորդում է DW-ի ռուսական ծառայությունը։
Հայցում նշվում է, որ Truth API-ը խախտում է ԱՄՆ Սահմանադրության առաջին և հինգերորդ փոփոխությունները՝ բաժանորդներին «անհիմն վճարներով» վաղ հասանելիություն ապահովելով Թրամփի հրապարակային հայտարարություններին, ինչպես նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և ՀԴԲ տնօրեն Քեշ Պատելի գրառումներին։
«Այս սխեման անսովոր է, կոռումպացված և հակասահմանադրական, և հայցվորները դատական հայց են ներկայացնում՝ այն դադարեցնելու համար»,- նշել են The Intercept-ը և FPF-ը:
Հայցվորները նշում են, որ 2025 թվականի հունվարին Սպիտակ տուն վերադառնալուց ի վեր Թրամփը Truth Social-ում հրապարակել է 9-ից մինչև 11 հազար հաղորդագրություն:
«Նրա որոշ գրառումներ անմիջապես չեն ուղեկցվում Սպիտակ տան համապատասխան հայտարարությամբ։ Այլ կերպ ասած՝ նախագահ Թրամփի գրառումները պաշտոնական կառավարական նորություններ ստանալու միակ միջոցն են», նշում են նրանք:
Trump Media & Technology Group (TMTG)-ը, որին պատկանում է Truth Social-ը, հուլիսի վերջին գործարկեց Truth API ծառայությունը։ Բաժանորդագրությունները սկսեցին վաճառվել մինչև ամսական 100,000 դոլարով։ Հաղորդվել էր, որ բաժանորդները կարող են Թրամփի և նրա մերձավորների նոր գրառումներին հասաանելիություն ունենալ «միլիվայրկյանների ընթացքում»՝ ավելի արագ, քան սովորական օգտատերերը։
Դոնալդ Թրամփը Truth Social-ի միջոցով հայտարարում է իր որոշումների, որոնք հաճախ զգալի ազդեցություն են ունենում բորսաների վրա։ Այսպիսով, նրա գրառումներին վաղ հասանելիությունը կարող է զգալի շահույթ բերել առևտրականներին։ Քանի որ ԱՄՆ նախագահն ինքն է TMTG-ի ամենամեծ բաժնետերը, Truth API-ի գործարկումը լուրջ հարցեր է առաջացրել Թրամփի կողմից իր պաշտոնն անձնական առևտրային շահույթի համար օգտագործելու հնարավորության վերաբերյալ։