Ձերբակալել է նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը՝ ընտրական հանցագործության դեպքով վարույթի շրջանակում

Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է նախկին պատգամավոր, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Մարտուն Գրիգորյանին: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Գյումրու «Մեր քաղաքը» խմբակցության ղեկավար Լիզա Գասպարյանը:

Ավելի ուշ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ նա ձերբակալվել է ընտրական հանցագործության դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, գրում է Factor.am-ը:

«Ընտրական հանցագործության դեպքով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար դատարան ներկայացնելու նպատակով ձերբակալվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու հանդիսացած, նույն վարույթով որպես մեղադրյալ ներգրավված Մ.Գ.-ն»,- հայտնել է Կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

Փաստաբան Արսեն Բաբայանը հայտնել է, որ Գրիգորյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացվելու նպատակով։

«Այս պահին քրեական վարույթից այլ տեղեկություններ հայտնի չեն»,- գրել է Բաբայանը։

Հունիսի 22-ին երկու ամսով կալանավորվել էր Գրիգորյանի որդին՝ Կամո Գրիգորյանը, նա շուրջ մեկ տարի հետախուզման մեջ էր։ Նրան մեղադրանք է առաջադրվել 2025 թվականի հունիսին կատարված խուլիգանության համար։ ՔԿ-ի փոխանցմամբ՝ Գրիգորյանն ինքնակամ է ներկայացել վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության, խուլիգանության և զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության հոդվածների հատկանիշներով։

Leave a comment