Արևի խավարման պատճառով Եվրոպայում արևային էլեկտրաէներգիայի արտադրությունը կարող է ժամանակավորապես նվազել մինչև 9,7 ԳՎտ։ Էլեկտրաէներգիայի փոխանցման համակարգերի եվրոպական օպերատորների ցանցի (ENTSO-E) տվյալներով՝ պարզ երկնքի պայմաններում արտադրության կտրուկ անկումը սպասվում է 19:15-21:30 CEST (Երևանի ժամանակով՝ 21:15–23:30) ժամանակահատվածում։
Ամենամեծ ազդեցությունը կկրեն Իսպանիան և Գերմանիան, որոնք Եվրոպայի արևային էներգիայի առաջատար արտադրողներից են։
Արևային էներգիան առանցքային դեր է խաղում Եվրոպայի էներգետիկ համակարգում՝ 2025 թվականի տվյալներով՝ ապահովելով ԵՄ էլեկտրաէներգիայի արտադրության շուրջ 13%-ը։
Հնարավոր խափանումները կանխելու համար Եվրոպայի փոխանցման համակարգերի օպերատորները (TSO) խավարման ընթացքում խուսափում են էլեկտրացանցերի պլանային անջատումներից՝ ապահովելով առավելագույն օպերատիվ ճկունություն։ Դիսպետչերական կենտրոնների օպերատորները նախապես հրահանգավորվել են, իսկ ENTSO-E-ն ստեղծել է հատուկ աշխատանքային խումբ՝ TSO-ների միջև տեղեկատվության փոխանակումն ու գործողությունները համակարգելու համար։
ENTSO-E-ն միավորում է 36 երկրների 40 համակարգային օպերատորների, որոնք պատասխանատու են աշխարհում խոշորագույն փոխկապակցված էլեկտրական ցանցի անվտանգ աշխատանքի համար։
Մինչ մասնագետները կազմ ու պատրաստ սպասում են արևի խավարման հետևանքներին՝ Բրյուսելում քաղաքացիները փորձում են հարմար տեղ գտնել այն դիտելու համար, թեև այստեղ արևի լրիվ խավարում չի նկատվելու, այլ մասնակի։
Թագավորական բանակի և ռազմական պատմության թանգարանն այսօր երեկոյան բացելու է հաղթակամարի դիտահարթակը՝ խավարմանը հետևել ցանկացողների համար։ Խիստ սահմանափակ քանակով՝ ընդամենը 40 տոմսերը (յուրաքանչյուրը՝ 15 եվրո արժողությամբ) վաճառվել են ժամերի ընթացքում։
Հիշեցնենք, որ այսօր Լուսինը կանցնի Երկրի և Արեգակի միջև ու որոշ շրջաններում ամբողջությամբ կծածկի Արեգակի սկավառակը։ Լրիվ խավարման գոտին կանցնի Գրենլանդիայի, Իսլանդիայի, Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային հատվածի, Իսպանիայի, Պորտուգալիայի հյուսիս-արևելքի փոքր հատվածի և Ռուսաստանի հյուսիսային որոշ շրջանների վրայով։
Կարինե Ասատրյան
Բրյուսել