Հայաստանն ու Ռուանդան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացումը


ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալի պարտականությունները կատարող Գևորգ Մանթաշյանն օգոստոսի 12-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ռուանդայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջոզեֆ Նզաբամվիտային, հայտնում են նախարարությունից։


 


Գևորգ Մանթաշյանը շնորհավորել է դեսպանին դիվանագիտական առաքելության ստանձնման կապակցությամբ և ներկայացրել Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի ընթացիկ զարգացումներն ու ձեռքբերումները՝ առանձնահատուկ անդրադարձ կատարելով «ԱԲ գործարանների պարտեզ» նախագծի ռազմավարական նշանակությանն ու տեսլականին:


 


Ռուանդայի դեսպան Ջոզեֆ Նզաբամվիտան հետաքրքրվածություն է հայտնել երկկողմ գործընկերության ընդլայնման հարցում՝ ընդգծելով մասնավորապես բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, տեխնոլոգիական կրթության և ստարտափ էկոհամակարգերի ուղղություններում համագործակցության խորացման անհրաժեշտությունը:


 


Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև առողջապահության և գյուղատնտեսության ոլորտներում ԱԲ պատասխանատու կիրառմանը, պետական կառավարման թվային փոխակերպմանն ու էլեկտրոնային ծառայությունների ինտեգրմանը:


 


Հանդիպման ավարտին Գևորգ Մանթաշյանը վերահաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ կիսվելու նորարարական կիրառելի փորձով և ծավալելու շոշափելի արդյունքներին միտված երկկողմ համագործակցություն:


 

Leave a comment