Փաստաբան. Արցախի ներկայացուցչության շենքի վերաբերյալ ակտը հրապարակվելու է կայծակնային արագությամբ

Քաղաքականություն

Փաստաբան. Արցախի ներկայացուցչության շենքի վերաբերյալ ակտը հրապարակվելու է կայծակնային արագությամբ

Հայաստանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության շենքից Արցախին սեփականազրկելու վերաբերյալ վճռի դեմ  ներկայացված վերաքննիչ բողոքը Վերաքննիչ վարչական դատարանը որոշել է քննել գրավոր ընթացակարգով, իսկ դատական ակտի հրապարակումը նշանակել է այս թվականի նոյեմբեր ամսին։

«Այս արագությունը Վերաքննիչ վարչական դատարանի համար պարզապես կայծակնային է։ Համեմատության համար նշեմ, որ նույն բողոքին հաջորդող ժամանակահատվածում, այսինքն՝ օրենսդրական փոփոխություններից հետո, այլ գործերով վստահորդներիս անունից կամ նրանց դեմ ներկայացված վերաքննիչ բողոքներով Վերաքննիչ վարչական դատարանը, իր ծանրաբեռնվածությամբ պայմանավորված, դատական ակտերի հրապարակման օր է սահմանել 2027, 2028, իսկ որոշ դեպքերում նույնիսկ 2029 թվականը»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռոման Երիցյանը։

Ըստ նրա՝ ստացվում է՝ մարդու առողջությունը, բնակության հարցը, աշխատանքը, եկամտի ու վաստակի ապահովումը կամ իրավաբանական անձի գործունեությունը Վերաքննիչ վարչական դատարանի համար չունեն այն հրատապությունն ու կարևորությունը, որքան այս հարցը։

Հիշեցնենք, որ Վարչական դատարանը  բավարարվել էր ՀՀ գլխավոր դատախազության հայցը եւ  անվավեր ճանաչվել Արցախի ներկայացուցչության շենքի նկատմամբ Արցախի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումը։ Դատարանը միաժամանակ հրաժարվել էր Արցախի Հանրապետությանը գործով ներգրավել որպես երրորդ անձ։

Փաստաբան Ռոման Երիցյանը հրապարակային դիմում է  խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերին, լրատվամիջոցներին, հասարակական և իրավապաշտպան գործունեություն ծավալող բոլոր կազմակերպությունների ներկայացուցիչներին, ինչպես նաև խնդրով մտահոգ և հետաքրքրված բոլոր անձանց։

 Նրա խոսքերով՝ Արցախի ներկայացուցչության շենքը հազարավոր արցախցիների համար պարզապես անշարժ գույք կամ  շենք չէ։

«Այն ունի պատմական, մշակութային և ազգային նշանակություն։ Այն շատերիս համար Արցախի հետ մնացած վերջին շոշափելի կապերից մեկն է։

Միջազգային իրավական տեսանկյունից այն նաև Արցախի Հանրապետության տարածքն է, որը միակն է, որ այսօր շարունակում է գտնվել Արցախի տիրապետության ներքո»,- ասում է արցախցի փաստաբանը։ Ըստ նրա՝  շենքն ունի սեփականության իրավունքի պետական գրանցում, Հայաստանի լիազոր մարմնում առ այսօր գրանցված է նաև որպես դիվանագիտական մարմին և իրավունքի ուժով պատկանում է Արցախին ու արցախցիներին։ Այս շենքն ինձ եւ հազարավոր արցախցիների համար պարզապես պատեր ու տարածք չէ։ Այն Արցախի հետ մեզ կապող արժեք է։Այն մեր տիրապետության տակ մնացած վերջին խորհրդանիշներից մեկն է։ Այն Արցախի սահմանադրական ինստիտուտները պահպանելու հնարավորությունն է։ Ինձ համար ընդհանրապես էական չէ, թե այսօր ով կամ ովքեր են այնտեղ նստում, արդյոք ես նրանց հետ տարաձայնություններ ունեմ, թե ոչ, կամ արդյոք նրանք անձամբ հետաքրքրված են այս հարցի լուծմամբ։ Այստեղ անձերի հարց չէ։ Այստեղ Արցախի հարցն է։ Մենք իրավունք չունենք լուռ հետևելու, թե ինչպես է Արցախը տարածքային կորստից և բռնի տեղահանումից հետո, հիմա արդեն նաև Հայաստանում զրկվում իրեն պատկանող վերջին գույքից ու ինստիտուցիոնալ ներկայությունից»,- ասում է Ռոման Երիցյանը։

Նրա խոսքերով՝  չի  կարելի թույլ տալ, որ քայլ առ քայլ վերացվեն Արցախի պետականության վերջին հետքերը։

Leave a comment